Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար ներկայացվել է երեք հայտ
SOCIETYԱրդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտեր են ներկայացրել Սարգիս Թորոսյանը, Թամարա Շաքարյանը և Սերգեյ Առաքելյանը: Այս մասին«Արմենպրես»-ին Արդարադատության ակադեմիայից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կողմից ռեկտորի թափուր պաշտոնի համր անցկացվելիք մրցույթի մասին մայիսի 17-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել հունիսի 17-ը՝ ժամը 18:00: Հիմք ընդունելով վերջնաժամկետը լրանալու փաստը և առաջնորդվելով մրցույթի անցկացման գործընթացի թափանցիկությունն ապահովելու անհրաժեշտությամբ` Արդարադատության ակադեմիան հրապարակում է ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների անունները: Ակադեմիայի կադրերի բաժին է ներկայացվել երեք դիմում հետևյալ անձանց կողմից.
Սարգիս Թորոսյան
Թամարա Շաքարյան
Սերգեյ Առաքելյան:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված է ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների, ինչպես առձեռն, այնպես էլ փոստային առաքման միջոցով հանձնելու կարգ: Մասնավորապես, Ակադեմիայի կանոնադրության 43-րդ կետի համաձայն՝ փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում տրված, եթե հանձնվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը: Առաքանիների առաքման հսկիչ ժամկետները (փոստային առաքանու` փոստային կապի ընդունման վայրից մինև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման համար սահմանված ժամանակ («Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված), սահմանված են ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներքին կանոնակարգով (Երևան քաղաքում՝ 1օր+1, մարզերում ՝1 օր+3):
Չբացառելով փոստային առաքմամբ այլ հայտերի ներկայացման հնարավորությունը (փաստաթղթերը փոստային ծառայությանը հանձնելու և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու միջև ընկած ժամանակահատվածի հաշվառմամբ)՝ հայտերի վերաբերյալ վերջնական տեղեկատվության հրապարակումը, համաձայն Ակադեմիայի կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետի, կկազմակերպվի Ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում Խորհրդի նախագահի կողմից մրցույթի անցկացումից առնվազն 2 օր առաջ:
Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:
Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, Ակադեմիայի կառավարման խորհրդի նիստի ընթացքում: Արդարադատության ակադեմիայի Կանոնադրության 26-րդ կետի համաձայն՝ խորհրդի նիստերը դռնփակ են»:



