Օբաման եւ Դալայ լաման հանդիպեցին, ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ Է մնում
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները Տիբեթի հարցում չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է այն համարել Չինաստանի բաղկացուցիչ մասը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը՝ լրագրողներին պատմելով Տիբեթի բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ լամայի հետ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման մասին:
«Դա նրանց արդեն չորրորդ հանդիպումն էր վերջին ութ տարվա ընթացքում»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Նա նշել է, որ հանդիպումը «անձնական բնույթ էր կրում», եւ Օբաման Դալայ լամային ընդունել է ոչ թե Օվալաձեւ աշխատասենյակում, այլ Սպիտակ տան բնակելի մասի սենյակներից մեկում:
«Նախագահն ավելի վաղ անկեղծորեն ասում էր, որ համակրանքով է վերաբերվում Դալայ լամային,- հիշեցրել է մամուլի քարտուղարը:Նա նաեւ հարգանքով է վերաբերվում Դալայ լամայի ուսմունքին եւ կարծում է, որ Տիբեթի եզակի կրոնական, մշակութային ու լեզվական ավանդույթները պետք է պահպանվեն»:
Սակայն, ինչպես ընդգծել է Էռնեստը, Տիբեթի հարցում ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը չի փոխվել: «Մենք առաջվա պես Տիբեթը համարում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բաղկացուցիչ մասը, եւ Միացյալ Նահանգներն աջակցություն չի հայտնել Տիբեթի անկախությանը»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



