Դեսպան Վարդանյանը մասնակցել է Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի առաջին հանդիպմանը
SOCIETYՖիլիպիններ աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հունիսի 14-ին հանդիպում ունեցավ արտաքին գործերի քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մանալոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տարբեր միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Էնրիկե Մալանոն վերահաստատեց Ֆիլիպինների պատրաստակամությունը՝ սերտացնելու Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գիտակրթական, մշակութային, տնտեսական, ներդրումային ոլորտներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին կովկասյան և ասիական տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: ԱԳ քարտուղարի տեղակալի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Նույն օրը տեղի ունեցավ Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի առաջին հանդիպումը, որի կազմում են կրթական, գիտական և մշակույթի ոլորտները ներկայացնող գործիչներ։
Բացելով միջոցառումը՝ դեսպան Վարդանյանը ողջունել է Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի անդամներին և հույս հայտնել, որ Ֆիլիպինների հասարակության տարբեր շրջանակներում Հայաստանը ներկայացնելու կարևոր առաքելությանը զուգահեռ խումբը նաև իր կարևոր ներդրումը կունենա տնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման խթանման գործում:
Բարեկամության խմբի նախագահ, «Մանիլարտ» մշակութային հիմնադրամի նախագահ Էյմի Լոստեն իր ելույթում ընդգծեց խմբի անդամների պատրաստակամությունը՝ հետևողական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև կապերը զարգացնելու ուղղությամբ:
Հունիսի 16-ին Ֆիլիպինների ամենահին եկեղեցին հանդիսացող Սբ. Ավգուստին եկեղեցում մատուցվելու է սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։



