Գյումրիում բացվեց ճանաչված գեղանկարիչ Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների ցուցադրությունը
CULTURE
Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում հունիսի 15-ին բացվեց Երևանի Ռուսական արվեստի թանգարանի ճանաչված գեղանկարիչ, օֆորտի և լինոփորագրության վարպետ Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների հավաքածուի ցուցադրությունը: Սա հայտնի հավաքածուի մի ընտրանին է՝ 21 գրաֆիկական աշխատանքներով, ո րոնք 2005 թվականին թանգարանին են նվիրել Սամարայի մարզի ղեկավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շեգլովը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակներում:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Մշակույթի բաժնի պետը, ողջունելով ներկաներին, կարևորեց նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը Գյումրիում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին:
«Պատկերասրահն, առաջին անգամ, համագործակցելով Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ, իրականացնում է ժամանակավոր ցուցադրություն: Հույս ունեմ, որ Ասլամազյան քույրերի աշխատանքների նմանատիպ ժամանակավոր ցուցադրություն էլ տեղի կունենա Ռուսական արվեստի թանգարանում»,-իր խոսքում նշեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:
«Գյումրու ընտրությունը պատահական չի եղել. ցուցադրության համար Գյումրին ենք ընտրել, քանի որ այն ավանդաբար թե՛ պատմաքաղաքական, թե՛ մշակութային լայն առնչություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Իբրև այդ ավանդույթի շարունակություն, Հայաստանում գործող Ռուսական արվեստի թանգարանը միջթանգարանային համագործակցության միջոցով Շիրակի մարզի ազգաբնակչությանն է ներկայացնում հայտնի գեղանկարիչ, օֆորտի և լինոփորագրության վարպետ, Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների հավաքածուի մի փայլուն ընտրանի»,-իր խոսքում նշեց Երևանի Ռուսակ ան արվեստի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մկրտչյանը:
Շեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» փորագրությունների ցուցահանդեսը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի մերձափնյա գեղեցիկ քաղաքներից մեկով՝ Սամարայով:
Ցուցադրության հիմքը «Հին Սամարա» շարքի օֆորտներն են, որոնք աչքի են ընկնում ժանեկազարդ նուրբ գծագրմամբ և կատարողական բարձր վարպետությամբ: Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80-ական թթ լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքները, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերները:
«Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագիրը կրող ցուցահանեդեսը նվիրված է Ստանիսլավ Շեգլովի 80 ամյակին և Ռուսաստանի օրվան: Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 22-ը:
Արմենուհի Մխոյան




















































