ՀՕՊ-ի վերաբերյալ մեկնաբանությունները ծայրահեղացված են. Տիգրան Աբրահամյան
INTERVIEW
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում չներառվեց ՀՕՊ համաձայնագրի քննարկումը: Համաձայնագիրը քննադատողները նշում են, որ Հայաստանը կզրկվի հակաօդային պաշտպանական համակարգերն ինքնուրույն կառավարելու հնարավորությունից:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վերաբերյալ վերջին օրերին հնչող մեկնաբանությունները շատ դեպքերում ծայրահեղացված են, մանավանդ, մատնանշվող վտանգների առումով: Ըստ նրա՝ Հայաստանը և՛ երկկողմ՝ Հայաստան-Ռուսաստան, և՛ ՀԱՊԿ ձևաչափում մի շարք պարտավորություններ և իրավունքներ է ստանձնել, ինչը բխում է Հայաստանի շահերից:
«ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուժերն իրենց ինքնուրույնությունը պահպանում են, ավելին, հնարավորություն են ստանում ռուսական կողմի հետ փոխանակվել մեզ համար շատ կարևոր տեղեկատվությամբ, որը այս համաձայնագրի չկնքման պարագայում մեզ համար հասանելի չի լինի: Այս համաձայնագիրն անվտանգության տեսանկյունից մեզ համար նոր հնարավորություններ է ստեղծում: Ստեղծվում է համատեղ համակարգ, որն անշուշտ կբարձրացնի Հայաստանի պաշտպանողականությունը»,- Past.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Տիգրան Աբրահամյանը:
Լևոն Փանոսյան




















































