Շարմազանովը բանակցությունները վերսկսելու հայկական կողմի թեզիսները ընկալելի է համարում ՄԽ համանախագահ երկրների համար
SOCIETYԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վաղ է համարում խոսել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ առաջիկայում սպասվող հանդիպման արդյունքների վերաբերյալ: «Տեսնենք, թե ինչպես է անցնելու հանդիպումը, ինչ հայտարարություն է ընդունվելու կամ չի ընդունվելու, ինչ են խոսելու, նոր դրանից հետո կխոսենք: Ես մի բան կարող եմ ասել՝ Ալիևը վստահելի գործընկեր չէ, որովհետև Վիեննայի հանդ իպումից հետո գնալ և Ադրբեջանում անհիմն, իրականությունից հեռու և զգացմունքային ու պետության ղեկավարին ոչ հարիր հայտարարություններ անել, չեմ կարծում, որ բարոյական է»,- նշեց Շարմազանովը:
Հարցին, թե հայկական կողմն այդ հանդիպմանն ինչ-որ նախապայմաններ ներկայացնելո՞ւ է, Շարմազանովը պատասխանեց. «Հայկական կողմն իր կարծիքն արդեն հայտնել է, մեր կարծիքը հստակ է, հանրապետության նախագահն արդեն ներկայացրել է ապրիլյան թեզիսները: Բանակցությունների վերսկսման վերաբերյալ նախագահի ապրիլյան թեզիսներն ընդունելի և ընկալելի են Մինսկի խմբի համանախագահ երկրների համար»,- եզրափակեց Շարմազանովը:
Կրեմլում ակնկալում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Հունիսի 20-ին պլանավորվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ»,- ասել է նա լրագրողներին: Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է, որ Պուտինը սկզբում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինչին կհաջորդեն համատեղ բանակցությունները: «Բնականաբար, մեր կողմից ակտիվ ջանքեր կգործադրվեն հակամարտության կարգավորման առումով կողմերին աջակցելու համար»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը:



