Հայաշատ Հալեպում ջրի սուր տագնապը շարունակվում է
SOCIETYՀայաշատ Հալեպում մի կողմից սաստիկ շոգը, մյուս կողմից էլեկտրականության ու ջրի բացակայությունը դժվարին իրավիճակ են ստեղծել առանց այդ էլ տանջված բնակիչների համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ օդի ջերմաստիճանը միջին հաշվով տատանվում է 38-43 աստիճանի մեջ: Առավել սուր է ջրի տագնապը: Ամենուր կարելի է տեսնել բնակիչներին` շշերով ջուր հայթայթելով կամ վաճառելով: Իսկ երեկոյան պայթյունների ու կրակոցների ձայներ են լսվում: Մի քանի օր առաջ ականներ են ընկել հայկական Նոր Գյուղ թաղամասում: Բարեբախտաբար, տուժածների թվում հայեր չեն եղել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքի տարբեր կառույցներ, այդ թվում նաև հայկական ակումբներ, կենտրոններ ու եկեղեցիներ, որոնք ջրհորներ ու ջրամբարներ ունեն, շարունակում են անվճար ջրի մատակարարման ծառայություն կատարել: Բազմաթիվ փողոցների մեջ կարելի է տեսնել ջրի սպասող երկար հերթեր:
Հալեպի բնակիչներին, հատկապես երեխաներին զգուշացվել է անվստահելի աղբյուրներից ջուր չխմել:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումներիթիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարականուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:



