Գեղարքունիքի մարզի դպրոցները շարունակում են համալրվել ինժեներական լաբորատորիաներով
SOCIETY«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը», 2014թվականից համագործակցելով ՀՀ կառավարության եւ մի շարք հովանավոր կազմակերպությունների հետ, «Հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի հենքի վրա Գեղարքունիքի մարզի դպրոցներում շարու նակում է հիմնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:
Ինչպես տեղեկացրեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներիձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Գեղարքունիքի մարզում առաջիկայում լաբորատորիաների թիվը կհասնի 15-ի:
Օրերս «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը», «Յուքոմ» ընկերության աջակցությամբ, Վարդենիկի կրթահամալիրում, Մարտունու ավագ եւ Գեղհովիտի միջնակարգ դպրոցներում հիմնեց նոր խմբակներ, իսկ մարզի տասնյակ դպրոցներ, որտեղ գործում էին ռոբոտաշինության խմբակները, համալրվեցին եռաչափ տպիչներով, թվային կառավարման CNC մեքենաներով, համակարգիչներով, սեղան-աթոռներով, ռոբոտի հավաքածուներով եւ այլ սարքավորումներով:
Ըստ մասնագետների՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շնորհիվ Հայաստանն առաջիկայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կդասվի ամենազարգացած երկրների շարքը: Մինչեւ 2019 թվականը նախատեսվում է հանրապետության բոլոր դպրոցներում բացել ինժեներական լաբորատորիաներ:
«Մեր կազմակերպությունը համագործակցում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ ռազմարդյունաբերության ոլորտում: Բացի այս, ՀՀ կառավարության հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում 2019 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրենը:
Խոսրով Խլղաթյան



