Տիգրանը զոհվեց հանուն խաղաղության, որ Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում
SOCIETYBlognews.am-ը գրում է.
Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջաբրայիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ: Անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ մղվել է առաջնագիծ, մտել թշնամու տանկերի մեջ, անողոք կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:
Գյումրիում տանկիստ Տիգրանենց տանն ենք: Տունը լի է մարդկանցով: ԱՄՆ-ից մեր հայրենակիցները եկել են Հայաստան և հատուկ այցելել Տիգրանի ծնողներին՝ իրենց հերոս զավակի արարքի համար շնորհակալություն հայտնելու: Եղբայրը՝ Ժորան, հյուրերին հավաքել է համակարգչի մոտ և հպարտորեն ցույց է տալիս տեսնյութերը, որտեղ Տիգրանն իր տանկով ընդառաջ է գնում թշնամու տանկին ու ոչնչացնելով՝ հետ է գալիս: Հպարտությունը կրկնապատկվում է, երբ հյուրերն ասում են, որ Հայաստանից դուրս հայերը լսել են Տիգրանի արարքի մասին ու ճանաչում են հերոս տանկիստին:
«Այս համակարգիչն էլ է ինքը գնել, 11 տարեկանում գիշերները գնում էր հացի փուռ, ընտանիքին օգնում հաց թխել և գումար էր վաստակում»,-ասում է նա:

Տիգրանը բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Հայրը բանակում տանկիստ էր եղել: Տիգրանն էլ անընդհատ նայելով հոր լուսանկարները, ոգեշնչվել ու շարունակել էր հոր գործը՝ ընտրելով մեխանիկ վարորդի մասնագիտությունը: Պարոն Արամի խոսքերով նա 6 ամսում ավելի շատ բան էր սովորել ու կարողանում, քան ինքն իր ողջ ծառայության ընթացքում:
«Մեզ մոտ տանկային բիաթլոնում առաջին տեղը գրավեց, իսկ Ռուսաստանում մերոնք գնացին երկրորդ տեղը գրավեցին, ինքն էլ պիտի մասնակցեր հաջորդ բիաթլոնին: Մասնակցությունը երազանքի նման մի բան էր դարձել իր համար, պատրաստվում դրան, ասում էր, որ այդ մրցույթից T 90-ով է վերադառնալու, բայց իր բիաթլոնը եղավ մարտի դաշտում, ինքն էլ այնտեղ հաղթեց…»:

Տիգրանի մայրն հիշում է.
«Տիգրանին շատ դժվարությամբ ենք մեծացրել, մութ ու ցուրտ տարիներն էր: Բայց դա չխանգարեց նրա մարդ տեսակի ձևավորմանը: Աշխույժ էր, ուրախ ու աշխատասեր: Անհնար էր չնկատել նրա ներս մտնելը: Այնքան մեծ աղմուկով էր տուն գալիս, որ թվում էր մի քանի հոգով են: Երբ մյուս որդիս էր ծառայում, Տիգրանին ասում էի՝ տես ինչ լավ է ծառայում եղբայրդ, փայլուն: Ասում էր՝ մամ, կտեսնես ես ավելի լավ եմ ծառայելու, իրենից էլ շնորհակալագիր ու պատվոգիր եմ ունենալու: Ու այդպես էլ արեց, կարճ ծառայության ընթացքում կրծքանշաններ, պատվորգրեր ու խրախուսական արձակուրդներ ստացավ: Ծառայությունից երբեք չբողոքեց: Իրեն իսկական տղամարդու նման էր պահում: Մեզ ոչ մի հարցով չէր անհանգստացնում: Երբ իմանում էինք սահմանին անհանգիստ վիճակ է, այստեղից անհանգստացած զանգում էինք իրեն, ամեն կերպ հանգստացնում էր մեզ, ասում, որ տղերքը սահմանին ամուր կանգնած են, հանգիստ ապրեք, մամ ջան»:

Վերջին անգամ Տիգրանի հետ ապրիլի 2-ին խոսել: Ընտանիքի անհանգիստ հարցերին պատասխանել է ծիծաղելով, թե իրենց մոտ այնքան հանգիստ է, որ անգամ կրակոցների ձայներ չեն լսվում:
Գումարտակի հրամանատարը պատմել է, որ նրանք ապշել են Տիգրանի մարտավարական հմտություններից: Այն, ինչ նրանք մեկ տանկով են արել, մի քանի տանկի գործ էր: Տ72-ով T90-ի դեմ են կռվել: Նրանք այնքան պրոֆեսիոնալ են եղել, որ ոչ մի տանկ չի կարողացել նրանց հարվածել: Տիգրանի տանկը խոցվել է SPIKE հակատանկային հրթիռի հարվածից: Ադրբեջանն իրավունք չուներ այդ հրթիռը կիրառել, եթե չկիրառեր, մեր տանկային գումարտակը այդ մարտում կհաղթեր:

Եղբայրը պատմում է, որ Տիգրանը դպրոցական տարիներից սիրում էր սպորտը և զբաղվում կենպոյով, սիրում էր նաև մեքենա վարել և արագություն: Տանկի մաքսիմալ արագությունը 65 կմժ է, իսկ Տիգրանը 75-80 կմժ արագությամբ է վարում: Բանակից առաջ «Բրաբուս» ունենալու մասին էր երազում, իսկ երբ բանակ գնաց ու դարձավ տանկիստ, իր համար տանկն ավելի լավը դարձավ: Բակում մեքենա ունեն, որը Տիգրանը երազում էր «թյունինգ» անել և ձևափոխել՝ արտաքնապես տանկի նմանեցնելով: Տիգրանի հայրն ու եղբայրը անպայման պետք է իրականացնեն որդու այդ երազանքը:

Տիգրանի հայրն ուզում է, որ մենք շենացնենք մեր երկիրը, զոհված տղաների կյանքերին արժանի կյանքով ապրենք:
«Թշնամին միշտ էլ զավթողական քաղաքականություն է վարելու, մեր տղաները պետք է զգոն լինեն ու մեր հողերի հանդեպ ոտնձգություններ թույլ չտան: Մենք պայքարել ենք ու պետք է պայքարենք՝ թե արյունով, թե զենքով: Տիգրանս զոհվեց հանուն խաղաղության, որ Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում»:


Նյութը՝ Անի Հակոբյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



