Արմեն Մխիթարյանը 180 միլիոնով շենք ու հողամաս է գնել
ECONOMICS
ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ-ի եկամուտների եւ գույքի տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ պատգամավորը նախորդ տարվա ընթացքում մեկ հողամաս եւ մեկ արտադրական նշանակության շինություն է գնել՝ համապատասխանաբար 43 եւ 140 միլիոն դրամով:
Պատգամավորի կինը՝ Արմինե Միքայելյանը նույնպես արտադրական նշանակության շինություն է ձեռք բերել, բայց ավելի մատչելի՝ 29 միլիոն 520 հազար դրամով:
Մխիթարյանը բացի այս գնումներից, նաեւ վաճառք է իրականացրել՝ 35 միլիոն դրամով վաճառել է իր LEXUS LX 5.7GAS մակնիշի ավտոմեքենան եւ 150 միլիոն դրամով էլ՝ արտադրական նշանակության շինությունը: Վերջինիս փոխառություններն էլ հետեւյալ տեսքն են ունեցել՝ 189 միլիոն 596 հազար 118 դրամ եւ 15 միլիոն 105 հազար դրամ:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 164 միլիոն դրամ եւ 115 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Իսկ նրա կինը ընդամենը 33 միլիոն դրամ է հայտարարագրել:
Արմեն Մխիթարյանի մեկ տարվա աշխատավարձը կազմել է վեց միլիոն 821 հազար 570 դրամ: Կինը մեկ տարվա համար ստացել է մեկ միլիոն 359 հազար 124 դրամ աշխատավարձ:
Պատգամավորի եկամուտները գոյացել են 24 միլիոն 352 հազար 688 դրամ վարձավճարից եւ 24 միլիոն 500 հազար դրամ շահաբաժնից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































