Ինձ ծեծելուց հետո թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել. Հայկ Խանումյան
SOCIETYNews.am-ը գրում է.
ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նոր մանրամասներ է պատմել այսօր՝ հունիսի 6-ին, իրեն ծեծի ենթարկելու դեպքի մասին:
Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել:
Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ:
Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակը այն է, որ Արցախը դառնա գործոն, պաշտպանված լինի և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի:
Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների»,- գրել է Խանումյանը:
Նշենք, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում:



