Սահմանադրության նախագիծը գործողի բարեփոխում չէ, այլ բոլորովին նոր փիլիսոփայությամբ Սահմանադրություն
POLITICSՍահմանադրության նախագիծը ոչ թե գործողի բարեփոխում է, այլ բոլորովին նոր Սահմանադրություն` բոլորովին նոր հայեցակարգով ու փիլիսոփայությամբ, որի համաձայն պետությունն ամբողջովին այլ կառուցվածք է ունենալու: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բացատրելով, թե ինչու են գործող Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի և մի շարք այլ մարմինների աշխատանքը կարգավորող հոդվածները նախագծում փոխարինվել մի ամբողջ գլուխներով:
«Եթե հիշում եք 2001թ-ին, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ հիմնել, սակայն նրան չէր կարող նշանակել խորհրդարանը, այնինչ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը համարվում է պառլամենտական: 2005թ-ի սահմանադրական փոփոխություններից մեկն էլ դա էր, որ կատարվի ԵԽ-ի պահանջը, որովհետև մինչ այդ խորհրդարանը իրավազորություն չուներ որևէ պաշտոնի նշանակելու, դա կարող էր անել միայն նախագահը: Հիմա եթե անցում է կատարվում դեպի խորհրդարանական կառավարում, ապա արդեն բոլոր մարմինների ղեկավարներին պետք է նշանակի խորհրդարանը, որովհետև նախագահը դառում է արարողակարգային ֆիգուր»,- ասաց նա:
Ավետիք Իշխանյանը նշեց, որ Սահմանադրության նախագծի 8-15-րդ գլուխների փոփոխությունները տրամաբանական են, որով բոլոր պաշտոնների նշանակման իրավասությունը անցնում է խորհրդարանին, ինչպես ցանկացած խորհրդարանական կառավարում ունեցող երկրում է:
Հարցին, թե ինչ նպատակ ունի ՀՀ գլխավոր դատախազի ու տեղական ինքանակառավարման մարմինների պաշտոնավարման ժամկետների երկարաձգումը 1-ական տարով, Ավետիք Ւշխանյանը պատասխանեց, որ դրանում էական մեծ չարիք կամ բարիք չկա՝ տարբեր երկրներում կառավարման տարիները տարբեր չափ են սահմանված:
Դիտարկմանը, որ գործող Սահմանադրությամբ ԿԸՀ-ի մասին որևէ դրույթ չկա, իսկ հիմա մի ամբողջ գլուխ է առանձնացված, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Գործող Սահմանադրությամբ նախագահին է դարձյալ լիազորված նշանակելԿԸՀ ղեկավարին, ու պառլամենտը զերծ էր այդ գործառույթից: Եթե փոխվում է հայեցակարգը, ընդհանուր փիլիսոփայությունը, ուրեմն այդ լիազորությունը պետք է դրվի խորհրդարանի վրա, իսկ այդ հարցը ներկայիս Սահմանադրությամբ կարգավորված չէ և պետք էր կարգավորել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի գնահատականին և նրանց առաջարկների իրականացմանը, ապա Ավետիք Իշխանյանը նշեց, որ թեև Վենետիկի հանձնաժողովը բավական հեղինակավոր է և նույնիսկ պատիվ է համարվում այս հանձնաժողովի կողմից խորհրդատվություն ստանալը, այդուհանդերձ դա միայն խորհրդատվություն է և ոչ պարտադրանք:
«Շատերը հանձնաժողովի կարծիքը շփոթում են պարտադրանքի հետ, սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում չէ, սա խորհրդատվություն է , որի կարծիքը հաշվի առնելը նույնպես երկրի համար պատիվ է»,-ասաց նա:



