Անձնականն անկանխատեսելի բան է, Աստված կտնօրինի. Շուշան Երիցյանը՝ ծրագրերի և միջազգային հաղթանակի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Վերջերս Բոդրում տեղի ունեցած «Miss 7 Continents» միջազգաին մրցույթում Հայաստանը ներկայացնող մոդել Շուշան Երիցյանն, ում հանդիպում ենք նաև սերիալներում և ֆիլմերում, արժանացավ 3–րդ պատվավոր մրցանակին, թեպետ մինչ այս՝ շատերին թվում էր, որ նա այլևս հրաժարվել է մոդելի մասնագիտությունից:
«Ճիշտ եք, արդեն երկար ժամանակ է՝ ես մոդելինգով գրեթե չեմ զբաղվում: Բայց միջազգային գեղեցկության մրցույթում երկիրդ ներկայացնելն այլ հարց է: Այստեղ դու զուտ որպես մոդել հանդես չես գալիս, գնահատվում է նաև ինտելեկտդ, նիստուկացդ, մարդկային որակներդ»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Շուշան Երիցյանը:
Նրա խոսքով՝ առաջարկը ոչ թե պատահականության, այլ մինչ այս ունեցած գործունեության արդյունք էր.
«Քանի որ նախկինում մասնակցել էի երկու հեղինակավոր մրցույթների, համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանից այս հրավերը ստացա: Լավ կազմակերպված, բարձր մակարդակի մրցույթ էր, որտեղ գրավեցի 3-րդ հորիզոնականը: Ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանն առաջին անգամ է նման տեղ գրավում»,- ընդգծեց նա:
Մեր հարցին, թե որքանո՞վ են այսօր պահպանվում գեղեցկության տարածված 90-60-90 չափորոշիչները, գեղեցկուհին պատասխանեց.
«Միանշանակ, կարող եմ ասել, որ 90-60-90-ը ոչ միայն պարտադիր պայման չէ, այլ նույնիսկ այնքան էլ գրավիչ չի համարվում: Գեղեցկության մերօրյա չափանիշները շատ են փոխվել»:
Երրորդ տեղ գրաված մեր մասնակիցը արդարության պակասից չի բողոքում, նա վստահ է, որ մոտ 30 երկրների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր համապատասխան հորիզոնականն է գրավել: Մեզ հետ զրույցում Շուշանը նկատեց, որ մրցույթներն ինքնանպատակ չեն, դրանք մասնակիցների առջև բազում նոր դռներ են բացում ու ավելացրեց.
«Ամեն ինչ արդար էր, քանի որ ժյուրիի կազմում էին տարբեր երկրների հայտնի դիզայներներ, ոլորտի իրական մասնագետներ: Այս հաղթանակը նոր առաջարկներ կարող է ապահովել միջազգային հարթակում, էլ չասեմ, որ ամբողջ կյանքի համար նվաճած տիտղոս է»:
Այսօր մոդել-դերասանուհին գերզբաղված է, սակայն դժգոհելու առիթ չունի: Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ իր խոսքով՝ այն թողել է Աստծո հույսին.
«Ինչպես գիտեք՝ այժմ դերասանական կրթություն եմ ստանում, վարում եմ նաև իմ հեղինակային՝ «Դարձիր մոդել» հաղորդումը: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, բայց այն դեռ քննարկման փուլում է, փակագծերը բացել չեմ կարող: Գիտեք, մինչ այս՝ զբաղվածությունս շատ մեծ էր՝ «USA Armenia»-ի ուղիղ եթերով վարում էի «Համահայկական առավոտ» հաղորդումը, ամբողջությամբ հաղորդավարական գործունեությամբ էի տարվել: Սակայն արդեն նոր սերիալի առաջարկ ունեմ ու շուտով կսկսենք նկարահանումները: Ինձ թվում է՝ հենց այս դերին էլ սպասում էի: Իսկ անձնականն անկանխատեսելի բան է, Աստված կտնօրինի»,- ավարտեց Շուշան Երիցյանը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



