«Մենք կարող ենք», «Մենք ուժեղ ենք միասին». հայտնի երեխաները՝ ցույցի են դուրս եկել
LIFEBlognews.am-ը գրում է.
«Մենք կարող ենք», «Մենք ուժեղ ենք միասին». կոչերով երեկ պատանի երգիչ-երգչուհիները, տարբեր դպրոցների սաները մասնակցեցին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված քայլերթին, որի ընթացքում նամակներ հանձնեցին ՀՀ առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, մի շարք կազմակերպությունների:

Միջոցառման կազմակերպչական հարցերում հիմնադրամին օգնել էր «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը։ Վերջինս BlogNews-ին հայտնեց, որ միջոցառման նպատակն է ուշադրություն գրավել «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի հոդացավով հիվանդ երեխաների խնդիրների վրա: «Մի շարք կազմակերպություններ տարբեր ժամանակներում աջակցել են, բայց դեռևս կան երեխաներ, որոնց անընդհատ բուժում է պետք: Երթի նպատակն է, որ հայտնի երեխաներն իրենց մասնակցությամբ ոգևորեն հիմնադրամում ընդգրկված երեխաներին»,-ասաց Իրինան ու հավելեց, որ հայտնի երեխաները հիմնադրամի երեխաների հետ օրեր շարունակ ցուցանակներ էին պատրաստում, ինչը ոգևորիչ էր և՛ իրենց, և՛ հայտնի երեխաների համար։ «Այժմ քննական շրջան է, մեր երեխաներից ոմանք քննություն ունեին երաժշտական դպրոցներում, սակայն չէին գնացել, որպեսզի մասնակցեին երթին»,- ավելացրեց նա։

Քայլերթին հաջորդեց պատանի երգիչների համերգային ծրագիրը, որը վարում էր Սիմա Բաղդասարյանը։ Միջոցառման բացումը վստահված էր փոքրիկ երգիչ Էրիկ Զաքյանին, ով մանկական ուղեղային կաթված ունի, սակայն շարունակական բուժումը տվել է դրական արդյունք։ Իրինան շեշտեց նրա օրինակը՝ նշելով, որ մյուս երեխաներին ևս պետք է շարունական բուժում, և դա ակնհայտ դրական արդյունք է ապահովում։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև աճուրդ, որի ժամանակ վաճառվեցին Անահիտ Սիմոնյանի, Վահան Խաչատրյանի, Ֆաինա Հարությունյանի և այլ դիզայներների աշխատանքներ:



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



