Զինվորի մայրը բանաստեղծություն է նվիրել բոլոր սահմանապահներին
SOCIETYԱրցախի առաջնագծում զինծառայություն իրականացնող Վահագ Եգանյանի մայրը՝ Նինա Սարդարյանը, ապրիլյան մարտերի օրերին բանաստեղծություն է նվիրել զինվորներին:
Ապրիլյան խաղաղ ու հանգիստ գիշեր,
Երկիրը հայոց մտել էր խոր քուն,
Դիրքերից իջած իմ քաջ զինվորներ՝
Հոգնած ու ջարդված անցան քնելու:
Ի՞նչ երազներ են սլանում հեռվում.
Մեկը գրկումն էր մայրիկի բարի,
Մյուսը գրկած սիրած աղջկան,
Շշնջում էր անուշ խոսքերն աշխարհի:
Սեւավոր մութը պատեց երկնքին,
Չքացան բոլոր անուրջներն անուշ,
Ավերում, դղիրդ ու ցաք ու ցրիվ
Պատեց անառիկ հայոց բանակին:
Զարթնեցե՛ք, քաջեր հայոց բանակի…
Լուռ ու շփոթված իրար նայեցին,
Մերկ ու անհանգիստ խառնվել էին,
Աստվա՛ծ իմ, էս ի՞նչ գիշեր բերեցիր:
Եվ ոտքի կանգնեց հզոր բանակը,
Արծիվ տղերքը իմ ժողովրդի,
-Դե առա՛ջ, տղե՛րք, քաջեր հայկազուն,
Ե՛լ, ժամանակն է թշնամու ջարդի:
Ավերվում էին գյուղ ու շենը մեր,
Վառվում, չքանում զարկից թշնամու,
Բայց մեր բանակի հպարտ արծիվներ
Գործի դրեցին հզոր հրետանուն:
Թնդաց աշխարհը, գոռացին ամպեր՝
«Ոտքի են կանգնել հայոց քաջերը»,
Մեր զինվորների արյունն է հոսում
Պաշտպանելով պապերի հողերը:
Կարծես մի սուգ էր հայոց աշխարհում,
Ասես Աստված էր կանչում ամենքին,
Մինչդեռ մայրերը չոքած աղոթում.
«Աստված, լավ պահի՛ր դու մեր բալեքին»:
Արիացած մեր առյուծները խիստ,
Պաշտպանում էին Թալիշ, Մատաղիս,
Ու լուռ կործանվեց թշնամին անձայն,
Երբ ոտքի կանգնեց հզոր դիվիզիան:
Հզոր դիվիզիա, մեր առյուծ բալեք,
Դուք եք մեր ապրելու տերը,
Թնդաց աշխարհը, գոռացին ամպեր,
Նայե՛ք, ելել են հայոց քաջերը:
Սրտանց նվիրում եմ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած իմ քաղցր բալեքին՝ Վահագիս, Սեւակին եւ էլի շատ շատերին:



