Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց Արարատի մարզի բոլոր համայնքներում
SOCIETYԵրեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ը տոնական էր Արարատի մարզի բոլոր քաղաքային եւ գյուղական համայնքներում:
Օրվա կապակցությամբ մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցավ ճոճանակներով, սահուղիներով, ճոճաթոռներով խաղահրապարակի եւ հիմնանորոգված մշակույթի տան բացման արարողություն: Երեխաների եւ բնակիչներին շնորհավորելու էր եկել մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզային կառույցի ղեկավարների հետ: Նա իր խոսքում նշեց, որ օրը պատկանում է երեխաներին, որոնց երջանիկ մանկություն պարգեւելը, նրանց բարեկեցություն ապահովելը բոլորիս պարտքն է` որպես ղեկավարի, ծնողի ու հարազատի:
Նախորդ տարի համայնք այցելության ժամանակ մարզի ղեկավարը նշել էր, որ մարզպետարանի տնտեսումների հաշվին կհիմնանորոգվի մշակույթի տունը: Մյուս խստումներից էր նաեւ համայնքային ճանապարհների ասֆալտապատման եւ մանկապարտեզի հարցի լուծումը: Արդեն ընթացքի մեջ են վերջինիս նախագծման աշխատանքները: Մշակույթի տան կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջեցին վեց սենյակներում եւ սպորտդահլիճում:
Մարզի բնակիչ, ապրիլյան պատերազմի մասնակից Բենիկ Եղիազարյանին մարզպետը պարգեւատրեց շնորհակալագրով եւ դրամական պարգեւով: «Արցախյան ազատամարտիկները, նահատակները, նրանց ընտանիքի անդամները մշտապես ՀՀ կառավարության եւ մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում են, ինչը հայրենասիրության լավագույն դաս է աճող սերնդի համար»,-ընդգծեց մարզի ղեկավարը:
Փոքր Վեդի համայնքում օրը նշանավորվեց «Ժպիտ» մանկական խաղահրապարակի եւ ազատամարտիկ Գոռ Օհանյանի հուշաղբյուրի բացմամբ: Փոքրիկները հյուրերին դիմավորեցին հետաքրքիր եւ բովանդակալից միջոցառմամբ: Իսկ փոքրիկներին ուրախացնելու եւ օրը հագեցնելու էին եկել հեքիաթային հերոսները:Համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ «Գինիշյան հիշատակի» հիմնադրամի 1 մլն 700 հազար դրամով խաղահրապարակում տեղադրվել է երկու տաղավար, ութ նստարան եւ վեց ճոճանակ:
Լիլիթ Մաճկալյան



