Բեն Ավետիսյանի, Շուշաննա Թովմասյանի եւ Ադրիանա Գալստյանի բարեմաղթանքը` երեխաներին
LIFE«Երանի» հեռուստասերիալի սիրված դերասաններ Բեն Ավետիսյանը, Շուշաննա Թովմասյանն ու Ադրիանա գալստյանը մայսի 29-ին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին NEWS.am-ի բարեգործական ակցիային: Երիտասարդ դերասանների հետ զրուցեցինք նաեւ մանկությունից եւ հունիսմեկյան հուշերից.

«Ես ունեմ զարմիկ եւ զարմուհի եւ փորձում եմ այս օրը միշտ նրանց հետ անցկացնել: Մանկության տարիներին հունիսի 1-ին, սովորաբար, գնում էի հաղթանակի զբոսայգի, որեւէ այլ արտառոց պատմություն չեմ հիշում մանկությանս հետ կապված»,-ասում է Ադրիանա Գալստյանը` հավելելով, որ այս օրն իր մեջ ունի խորհուրդ, քանի որ այն քարոզում է խաղաղություն:
«Շնորհավորում եմ բոլոր երեխաներին տոնի առթիվ, ցանկանում եմ նրանց անհոգ մանկություն, հետագայում էլ հաջող ուսումնական տարիներ»:
Բեն Ավետիսյանի կարծիքով հունիսի 1-ը տարվա ամենաուրախ օրն է.

«Սա երեխաների միջազգային տոնն է. անգամ մեծահասակներն են այսօր հիշում իրենց մանկությունը»:
Ինչպես շատ երեխաներ` Բենն էլ էր այս օրն անցկացնում Հաղթանակի զբոսայգում` կարուսել նստելով եւ պաղպաղակ ուտելով.
«Մաղթում եմ, որ բոլոր երեխաների մանկությունն անցնի խաղաղ երկնքի ներքո. նրանք մեր ապագան են: Թող նրանց յուրաքանչյուր օրը լինի հունիսի 1»:
Հեռուստասերիալում Անիին մարմնավորող Շուշաննա Թովմասյանի կարծիքով`երեխաների իրավունքները Հայաստանում պաշտպանված են.

«Յուրաքանչյուր երկրում էլ ինչ-որ չափով ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ: Կցանկանայի, որ երեխաներն ապրեն խաղաղության ներքո, ստանան համապատասխան դաստիարակություն, որպեսզի իրենց ազգի համար լինեն պիտանի մարդիկ եւ արդարացնեն իրենց ծնողների սպասելիքները: Եւ, իհարկե, կցանկանայի, որ թե Հայաստանում, թե մյուս երկրներում երեխաների աճը բարձր մակարդակի վրա լիներ: Մաղթում եմ, որ մանուկների կյանքը լինի անհոգ. թող ապրեն, երազեն եւ ձգտեն այն ամենին, ինչը կարող է իրենց երջանկացնել»:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում կայացած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակներում ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:
Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



