Վիքիպեդիայում ստեղծվել է հոդված՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին
SOCIETYՎիքիպեդիայի հայկական էջում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին հոդված է ստեղծվել: Հոդվածում կան ինչպես կենսագրական տվյալներ, այնպես էլ Ռոբերտ Աբաջյանի՝ Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ հերոսություն ցուցաբերելու մասին պատմությունը:
«19-ամյա Ռոբերտը մինչեւ վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ: Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի»,- մեջբերում Վիքիպեդիայից:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը ծնվել է Երեւանում` 1996թ-ին: Նա զոհվել է ապրիլի 2-ին Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
Նշենք նաեւ, որ Վիքիպեդիան բաց ռեսուրս է, եւ այն մարդիկ, ովքեր հուշեր, լուսանկարներ կամ այլ նյութեր ունեն Ռոբերտ Աբաջյանի մասին, կարող են մուտք գործել կայք եւ հոդվածը խմբագրելով՝ դրանք ավելացնել Վիքիպեդիայում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



