Արմավիրի մարզպետարանում ուռճացված ծախսեր չկան. Աշոտ Ղահրամանյան
SOCIETYՄեր երկիրը ճիշտ ուղիով է ընթանում: Այս երկիրը պետք է կառուցել այնպես, որ մեր բոլորի երեխաներն ու թոռներն այստեղ ապրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Աշոտ Ղահրամանյանի հետ զրույցում լրագրողները հետաքրքրվեցին օպտիմալացման ու կրճատումների գործընթացից, մասնավորապես, թե այդ համատեքստում, ինչ փոփոխություններ են սպասվում մարզպետարանում:
«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մեզ չեն բավարարում: Ընդամենը 7 հին մեքենա է: Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»,-նշեց մարզպետը: Աշոտ Ղահրամանյանը նկատեց, որ կրճատումների մասին վարչապետի խոսքը վերաբերում է այն բոլոր պետական կառույցներին, որտեղ ավելորդ ծախսեր կան:
Մարզպետ Աշոտ Ղարամանյանը չշրջանցեց նաև վերջին օրերին քամու և կարկուտի հետևանքով մարզին հասցված վնասի մասին հարցերը: Նա նշեց, որ ամեն ինչ զեկուցվել է կառավարության ղեկավարին, վարչապետը եկել է մարզ, տեղում ծանոթացել վնասներին, այժմ ճշտվում է վնասների չափը:



