Գալանտերյանի ստեղծագործությունները՝ նորովի մատուցմամբ. համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի 135-ամյակին
CULTURE
Ինչպես հայտնում է Past.am-ը, մայիսի 24-ին, ժամը՝ 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Հայտնի և անհայտ Նիկոլ Գալանտերյանը» խորագրով համերգ, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտորի 135-ամյակին:
Համերգի ընթացքում դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը ներկայացրեց Նիկոլ Գալանտերյանի ճանաչված ու անծանոթ երգերի նոր մշակումները: Նիկոլ Գալանտերյանը ծնվել է պատմական Հայաստանի Ակն քաղաքում:
Ցեղասպանությունից մազապուրծ լինեով՝ նա հաստատվում է Իրանում, որտեղ հիմնադրում է «Գողթան» երգչախումբը: Գալանտերյանին են պատկանում հազարավոր գործեր՝ սիրերգեր, սոնետներ, ժողովրդական երգերի մշակումներ, մանկական երգեր, խմբերգեր, օպերաներ: Մարգարիտ Սարգսյանին հաջողվեց ներկայացնել գալանտերյանական ստեղծագործությունները նորովի:
Դաշնակահարուհին օգտվել է բնագրերից և մշակել է ավելի քան երկու տասնյակ ստեղծագործություն, որոնցից շատերն այսօր հնչեցին առաջին անգամ: Հանդիսատեսը վայելեց նաև Դիանա Հարությունյանի (սոպրանո), Սարգիս Աղամալյանի (տենոր), Անդրանիկ Մալխասյանի (բարիտոն), Արմեն Մանուկյանի (ջութակ) անզուգական կատարումները:
Լևոն Փանոսյան




















































