Երեւանում «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներին նվիրված արձանախումբ կկանգնեցվի
CULTURE
Երեւան քաղաքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող «Հրազդան» մարզադաշտի հարակից արեւմտյան տարածքում լեգենդար «Արարատ-73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ տեղադրելու վերաբերյալ։
Այս հարցը քննարկվելու է Երեւանի ավագանու վաղվա նիստի ընթացքում:
Այսպես, 1973թ. «Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր։ «Մրցաշրջան-73»-ը ոսկի տառերով է գրվել հայկական ֆուտբոլի տարեգրությունում, ինչը մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանել են «Հայկական ֆուտբոլի բում»։ Առհասարակ, 1973թ. համարվում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն տարին։
Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող «Հրազդան» մարզադաշտի հարակից արեւմտյան տարածքում «Արարատ-73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կողմից։ Արձանախմբի հեղինակը քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն է։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ վաղը Երեւան քաղաքի ավագանու քննարկմանը կներկայացվի այս որոշման նախագիծը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































