Իտալիայում ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է սպառվել
SOCIETYՀուլիսի սկզբից Ապենիններում հաստատված աննորմալ շոգի հետեւանքով Իտալիայում ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է սպառվել: Այս մասին հաղորդել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի համազգային ցանցի սեփականատեր Terna ընկերությունը:
Terna-ի տվյալներով, հուլիսին Իտալիայում 32 մլրդ կՎտ/ժ էներգիա է սպառվել, ինչը 13.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընկերության տեղեկացմամբ, այս ցուցանիշն ամենաբարձրն է Իտալիայում էլեկտրաէներգիայի համակարգի գոյության ամբողջ ընթացքում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հուլիսի սկզբից Իտալիայի շրջանների մեծ մասում բացարձակ բարձր օդի ջերմաստիճան է գրանցվել: Ամսվա կեսերին, երբ աֆրիկյան «Հարոն» հակացիկլոնն Ալժիրից Ապենիններ չափազանց տաք օդ բերեց, երկրի բոլոր շրջաններում օդի ջերմաստիճանը հասավ 38-40 աստիճանի:
Իտալիայի առողջապահության նախարարության կայքի հրապարակման համաձայն, ուրբաթ վտանգավորության «կարմիր» մակարդակ կսահմանվի երկրի 16 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Նեապոլում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Բոլոնիայում եւ Պալերմոյում:



