Զուրաբյանն օրակարգային խնդիր է համարում խաղաղության ձգտելով պատերազմի պատրաստվելը
SOCIETYՀայաստանի գլխավոր օրակարգային խնդիրն այս պահին պատերազմի պատրաստվելն է՝ ձգտելով խաղաղության: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Սա, իհարկե, գյուտ չէ: Այս հայտնի ասացվածքը դեռ հին հռոմեացիներն են ասել: Հայաստանի ամենակարևոր օրակարգը դա է՝ պետք է պատրաստվենք պատերազմի և ձգտենք խաղաղության»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ առաջնային հարց է դառնում այն, որ Հայաստանը պետք է ամրապնդի ռազմաճակատը, գնի սպառազինություն, իսկ ներսում հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի պետական մեքենան գործի առավեալգույնս արդյունավետ: «Անցած նստաշրջանում մի շարք հարցեր քննարկվեցին, թե ինչ կարող ենք անել մեր պետական համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար: Խոսքը մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարն է: Եվ դրանով է պայմանավորված, որ ՀԱԿ-ն ակտիվ մասնակցել է այդ քննարկումներին խորհրդարանում՝ առաջ բերելով մի շարք կարևոր հարցեր, որոնց լուծումը պետք է հանգեցնի մեր պետական համակարգի առողջացմանը»,- նշեց Զուրաբյանը:
Պատգամավորը նշեց, թե անցած քառօրյայի ընթացքում խորհրդարանում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում որևէ ապրանքի ներմուծման խոչընդոտ չի լինելու: «Հիմա շատերը մեզ հարցնում են՝ հավատո՞ւմ եք այդ խոսքերին: Մենք հավատալու կամ չհավատալու խնդիր չունենք: Կա մի ցուցանիշ, որի դեպքում պարզ կլինի՝ արդյոք մենաշնորհի դեմ պայքար իսկապես տարվո՞ւմ է: Եթե առաջիկայում նկատեք բենզինի, դիզվառելիքի, շաքարավազի և այլ ապրանքների գների կտրուկ անկում, ուրեմն իմացեք, որ մենաշնորհները վերացված են»,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած տարածքների մասին խոսակցություններին՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ այս պահին ավելի կարևոր հարցեր կան, որոնց մասին պետք է մտածել: «Ամենակարևոր խնդիրը ռազմական գործողությունների վերսկսման վտանգի պարագայում միասնական լինելն է: Մենք կոչ ենք անում բոլորին համախմբվել մեր բանակի, մեր պետականության շուրջ: Այս պահին կարևորն այն է, որ մենք այս պատերազմից դուրս գանք հաղթանակով»,- եզրափակեց նա:



