Թանգարանների ձրի պանիրը. մարզի երեխաներին «չորել են»
SOCIETYԻնչպես գիտեք, երեկ Թանգարանների միջազգային օրն էր, եւ հանրապետության թանգարաններ մուտքն անվճար էր: Սակայն, պարզվում է, որ ոչ բոլոր թանգարանների աշխատակիցներն են այցելուների համար բարեխիղճ ընդունելություն կազմակերպում, երբ, ինչպես ասում են, մեջը փող չկա: Մեր տեղեկություններով՝ նմանատիպ խտրականություն է դրսեւորվել սահմանամերձ մարզերից մեկից Երեւան ժամանած դպրոցականների խմբի նկատմամբ:
Դպրոցականները մայրաքաղաք ծրագրած իրենց այցելությունը համապատասխանեցրել էին Թանգարանների միջազգային օրվան, որպեսզի երեխաներն ավելի շատ թանգարաններ այցելեին, ինչու ոչ, նաեւ օգտվեին անվճար մուտքի հնարավորությունից: Թանգարաններից մեկում դպրոցականներին եւ խմբի ղեկավարին տեղեկացրել են, որ մուտքը միայն նախապես գրանցվելով է:
Երկարատեւ բանակցություններից հետո մայրաքաղաք այցելած երեխաներին ու ծնողներին թույլատրել են ներս մտնել թանգարան, սակայն ցուցադրել են ոչ բոլոր ցուցասրահները՝ կրկին պատճառաբանելով, որ պետք էր նախապես գրանցվել: Մեկ այլ թանգարանում էլ էքսկուրսավարը, որին, բնականաբար, վճարել են իր ծառայությունների համար, բավական կցկտուր է ներկայացրել թանգարանի եւ ցուցանմուշների պատմությունը, եւ ինչպես ծնողներից մեկը հայտնեց Past.am-ի հետ զրույցում, շրջանցել է երեխաների հնչեցրած հարցերը: Եվ իրոք, ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



