«Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով». Գագիկ Սուրենյան
SOCIETYՀանրապետությունում սպասվող առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների վերաբերյալ Past.am-ը զրուցեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Մենք հետաքրքրվեցինք, թե տեղումները դեռ որքան կշարունակվեն, ինչին ի պատասխան, Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ երեկ հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնը այսօրվանից կկորցնի իր ուժը, որի հետեւանքով կկրճատվեն եւ՛ տեղումների ինտենսիվությունը, եւ՛ տարածական ընգրկվածությունը:
«Մայիսի 19-22-ին սպասվող կարճատեւ անձրեւները հիմնականում կլինեն երեկոյան ժամերին ու գիշերվա առաջին կեսին եւ հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի եւ Սյունիքի բարձրադիր գոտում: Երեւանում, Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում երեկոյան ակնկալվող անձրեւները կլինեն շատ կարճատեւ եւ ոչ համատարած, այսինքն՝ կկրեն զուտ երակային բնույթ: Մայիսի 23-24-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, ինչի հետեւանքով օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին կրկին բոլոր մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ»,- հայտնեց նա:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ օդի ջերմաստիճանն այսօր երեկվա համեմատ կբարձրանա մոտ 4-6 աստիճանով եւ առաջիկա հինգ օրերի ընթացքում կմնա անփոփոխ՝ Երեւանում գիշերը տատանվելով +12-ից +14, ցերեկը՝ +26-ից +28 աստիճանի սահմաններում:
Իսկ ինչ վերաբերում է տեղումների ամսական նորմային, Գագիկ Սուրենյանը նշեց, որ տեղումների քանակը մինչ օրս հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 50-80 տոկոսը, սակայն, ըստ կանխատեսումների, մինչեւ ամսվա վերջ շրջանների զգալի մասում այն կմոտենա կլիմայական նորմային, ինչը նախապես սպասված էր:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



