Անահիտ Բախշյանը տարակուսած է
SOCIETYԵրեւանի ավագանու անդամը մայիսի 10-ին Երեւանի քաղաքապետին էր դիմել ապրիլյան պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալով պարգեւատրված Արմենակ Ուրֆանյանի անուններով փողոցներ անվանակոչելու առաջարկությամբ:
Այս առաջարկի վերբերյալ Բախշյանը ստացել է պարզաբանում այն մասին, որ ականավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Սա կառավարության որոշումն է:
Ըստ Բախշյանի՝ ստացվում է, որ ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք միայն 10 տարի հետո կարող են հանդես գալ մեր այսօրվա հերոսների անվամբ որեւէ օբյեկտի անվանակոչման առաջարկով: Անահիտ Բախշյանի խոսքով՝ նշանակում է, օրինակ, 2012-ին Երեւանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի անվանակոչման որոշումը, որը բխում էր ողջ աշխարհասփյուռ հայության սրտից, կարգի խախտումո՞վ է եղել, քանի որ Դինքը սպանվել է 2007 թվականին:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վերանայի իր որոշումը, որովհետեւ տպավորություն է, որ երբ իշխանությունն է նախաձեռնում նման անվանակոչություն, այս կետը չեն հիշում, իսկ երբ հասարակությունն է նախաձեռնում, հիշում են:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



