Էջմիածնում իրականացվում է սիմպոզիում՝ նվիրված միջմշակութային երկխոսության միջազգային օրվան
CULTURE
«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ն իրականացնում է 2-րդ միջազգային սիմպոզիումը: «Անցած տարի սիմպոզիումը կրում էր «Երբ ծաղկում են բալենիները» խարագիրը և նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Այս տարի այն նվիրված է միջմշակութային երկխոսության միջազգային օրվան` մայիսի 21-ին»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ասաց արվեստի դպրոցի տնօրեն Գրիգոր Բաբախանյանը (Մաչանենց): Սիմպոզիումին, որը մեկնարկել է մայիսի 14-ին, մասնակցում է 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչ Հայաստանից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Եգիպտոսից, Բելառուսից և Ռուսաստանից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմպոզիումին մասնակցում են նաև հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի» 9 խաչքարագործ, ինչպես նաև խեցեգործ Վահագն Համբար ձումյանը Սիսիանից:
«Սա նկարչական սիմպոզիումից վերաճեց արվեստի լայնածավալ սիմպոզիումի: Երբ 30 տարի առաջ հիմնադրվեց ՀՄԽ-ն, այն գիտակցում էր, որ «զենքի պատերազմը» կարող է ունենալ զինադադար, բայց «մշակույթի պատերազմը» չի կարող: Հետևաբար, մեր ազգը պետք է հասկանա, որ ամեն պահին մենք մեր վարքագծով կերտում ենք մշակույթ»,- ասաց Գրիգորը: Նրա համոզմամբ՝ հայ մշակույթը պետք է այնպես ստեղծվի, որպեսզի հայի տեսակը աշխարհին պարզերես ներկայանա:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր աշխատանքային այցի ընթացքում «Հայ միասնության խաչ» արվեստի դպրոցում շրջայց կատարեց ու զրուցեց ՀՄԽ տնօրենի և ի դպրոցի մնացած անդամների հետ:
ՀՄԽ-ում գործում են խեցեգործության, նկարչության, գորգագործության, կարուձևի, կարպետագործության, բատիկայի, տարազագործության խմբակներ, կան պատկերասրահներ, թանգարաններ ու թատրոն: Խոսելով առկա խնդիրների մասին՝ Գրիգոր Բաբախանյանը (Մաչանենց) նշեց, որ թատրոնի երկրորդ հարկը թերի վիճակում է և վերանորոգման կարիք ունի, որպեսզի գործեն նաև փորձասենյակն ու աշխատակազմը: Գրիգորը պատմեց, որ երազում է կառուցել երկրորդ թատրոնը՝ քարանձավային մուտքով: Նա հույս ունի, որ երկրորդ թատրոնն արդեն մեկ տարի անց կշահագործվի:
Նա հարկ համարեց նշել, որ ավեստի դպրոցը համագործակցում է մարզպետարանի հետ, և Երևանի դպրոցականները կարող են ներկայացումներ դիտել ոչ միայն երևանյան թատրոններում, այլև ՀՄԽ-ում: Նա ավելացրեց, որ 2015 թ. «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ այցելել է 15.000 զբոսաշրջիկ, որոնց 80%-ը եղել են ոչ հայեր, իսկ նրանցից էլ 60%-ը մինչ այդ տեղեկություն չի ունեցել Հայաստանի մասին:
ՀՄԽ տնօրենը նաև նշեց, որ կազմակերպությունը բաց է և հաճույքով է համագործակցում թե տեղական ինքակառավարման մարմինների, թե կառավարության ներկայացուցիչների հետ:




















































