Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը վիրահատվել է. արտերկիր տեղափոխումը հետաձգվում է
SOCIETYՄարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը մայիսի 17-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մայիսի 17-ին տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:
Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն:
Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հաշվի առնելով, որ երեկ Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ` վերականգնողական բուժման նպատակով նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել:



