Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Սամվել Կարապետյան. «Այս սերունդն ապացուցեց, որ կարող է մեզնից ավելին անել»

SOCIETY

Hetq.am-ը գրում է.

 «Հետք»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

- Պարոն գեներալ, ի՞նչ էր կատարվում ապրիլի 2-ին, Դուք որտե՞ղ էիք:

- Գիշերվա ժամը 3.30-ի կողմերը, երբ շտաբի օպերատիվ հերթապահը զանգեց (դա երկրորդ զանգն էր), ես արդեն պատրաստվում էի դուրս գալ: Մեքենան սպասում էր: Ինձ մոտ զգացողություն կար, որ սա հերթական դիվերսիոն գործողությունը չէ: Մեքենայի մեջ, նոր տեղեկություններ ստանալուց հետո, հասկացա, որ պատերազմ է: Ներկայանալով բանակի հրամանատարին՝ իրավիճակի շուրջ որոշ պարզաբանումներ կատարելուց հետո առաջարկեցի մեկնել հյուսիս` Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այնտեղ լուրջ վտանգ կար: Երբ հասա Մարտակերտ և հրամանատարական կետն զբաղեցրի, տղաները կարծես թե չէին զգում, որ առջևում լուրջ առճակատում է սպասվում… Այդ ընթացքում հակառակորդի հրետանին արդեն սկսեց աշխատել Մարտակերտի ուղղությամբ: 30 րոպե հետո զեկուցում են, որ հակառակորդը մտել է 116 և 118 դիրքեր: Զորամասի հրամանատարը, իր տրամադրության տակ եղած ուժերը վերցնելով, իսկույն մեկնում է գործողության վայր, իսկ հրետանու պետի առաջ խնդիր դնում կրակ բացել այդ դիրքերի վրա: Արդեն հայտնի էր, որ մենք այնտեղ զոհեր ունենք, տղաները հետ չեն քաշվել, կռվել են մինչև վերջ: Միայն մեկ հոգի էր կենդանի մնացել, ով վաշտի հրամանատարի հրամանով գնացել էր դիրքից 300 մ հեռավորության վրա գտնվող պահեստավայրից զինամթերք բերելու: Բայց երբ նա հետ է վերադարձել, դիրքերն արդեն հակառակորդի կողմից գրավված էին: Գալով հրամանատարական կետ՝ նա վերադասին զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին: Տեղում որոշում ենք կայացնում հրետանային կրակի օժանդակությամբ և տանկային վաշտի ներգրավմամբ անցնել հակագրոհի: Կես ժամվա ընթացքում դիրքերը հետ ենք վերցնում: Միայն այդ մարտում հակառակորդը, տալով մոտ 4 տասնյակ  զոհ, որից 28-ը մնացել էր մեր հսկողության տակ գտնվող դիրքում, փախուստի է դիմում և թաքնվում մեր դիրքերից 250 մետր հեռավորությամբ գտնվող իրենց խրամատում: Զորամասը պահպանությունից անցնում է մարտական պաշտպանության: Դրանից հետո նրանք սկսում են հրետակոծել Մարտակերտը:

- Հետո այդ հատվածում նրանք նորից հարձակում ծավալեցի՞ն:

- Պարզ էր, որ նրանք նոր հարձակում են սկսելու այդ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց մերոնք զեկուցեցին, որ հակառակորդի տանկային գումարտակը շարժվում է 4-րդ և 5-րդ պաշտպանական շրջանների հատման հատվածի` Սեյսուլանի ուղղությամբ: Դրանց առաջխաղացումը կանգնեցնելու համար մեր հրետանին սկսեց աշխատել: Տեսնել էր պետք, թե ինչպես էին խոցվում հակառակորդի դիրքերն ու զրահատեխնիկան:

Պաշտպանական գործողությունները հաջող էին ընթանում նաև մարտագծի հյուսիսային ուղղությամբ: Չնայած Թալիշի հատվածում մերոնք սկսել էին հետ վերցնել կորցրած դիրքերը, բայց ադրբեջանցիները հայտարարում էին, որ Թալիշը, Մատաղիսը և Սեյսուլանը վերցրված են: Որ Թալիշի և Սեյսուլանի ուղղությամբ, իրոք, մարտեր էին ընթանում, դա արդեն մեզ հայտնի էր: Բայց ահա Մատաղիսի մասին լսելով՝ մենք կռահեցինք, որ թշնամին մտադրություն ունի գրոհել նաև Մատաղիսը: Դրանից ելնելով՝ մենք զեկուցեցինք բանակի հրամանատարին, որը որոշում ընդունեց ուժեղացնել 5-րդ ՊՇ-ի ձախ թևի դիրքերի պաշտպանությունը` այնտեղ տեղափոխելով հակատանկային միջոցներ: Այս քայլով ամբողջությամբ փակվեց հակառակորդի առաջխաղացման հնարավորությունը Մատաղիսի ուղղությամբ:

- Ապրիլյան պատերազմը ի՞նչ դասեր տվեց մեզ: Շատ զոհեր ենք տվել, իհարկե, բայց այդ զոհերի գնով նաև դասեր ենք ստացել:

- Հակառակորդը մեզանից ութ անգամ ավելի զոհ է տվել: Նվազագույնը 800-1000 կորուստ է ունեցել նա: Իսկ վիրավորների թիվն անհամեմատ շատ էր: Հակառակորդը շատ էր վստահ իր ուժերի վրա, կարծում էր՝ կմտնի, կմորթի և կանցնի առաջ: Բայց մեր երեխեքը մինչև վերջ կանգնել և պաշտպանել են իրենց դիրքերը, մենք գիտեինք, որ մեր զինվորներն այդպիսին են: Միշտ էլ ասել ենք, որ այս սերունդը մեզանից շատ է անելու: Այն, ինչ մենք 1992-94թթ. արել ենք, իրենք ապացուցեցին, որ կարող են իրենց սխրանքներով ու կատարածով մեզ գերազանցել, մեզնից ավելին անել…

- Իսկ ինչո՞վ եք դա բացատրում:

- Իրենց ծնողներից է գալիս, մեր երեխեքն են, չէ… Ոչ թե պապերից, այլ իրենց ծնողներից են լսել մեր երեկվա պատերազմի մասին: 1994-ից ընդամենը 22 տարի է անցել, իսկ այսօր առաջնագծում արդեն մեր երեխեքն են ծառայում: Նրանք ոչ թե ինչ-որ գիրք են կարդացել և դրանից իմացել մեր պատերազմի պատմությունը, այլ իրենց ծնողներից: Այդ տղաների մեջ իր ժողովրդին պաշտպանելու զգացումը կա, և դրանով ամեն ինչ ասված է:

Այս պատերազմը նաև մեր թերությունները բացեց, տեսանք, թե ինչպիսի բացթողումներ ունենք, և հիմա դրանք պետք է արագ վերացնենք: Կարելի է ասել, որ այդ չորս օրը մեզ համար լուրջ փորձաշրջան էր: Ճիշտ է՝ մեծ թվով զոհեր ենք տվել, բայց փրկել ենք բազում կյանքեր, ազգի կյանքն ենք փրկել: Այսօր պարտավոր ենք արագ ու նպատակասլաց աշխատել բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ: Պետք է արագ վերացնենք, որ հակառակորդն այլևս չփորձի մտածել, թե կարող է ուժով իր հարցերը լուծել: Այսինքն՝ նա պետք է միշտ զգա, որ մենք ուժեղ ենք, որ մենք էս հողի տերն ենք, էս հողը մենք պահել ու պահելու ենք: Նա միշտ պիտի դա զգա:  Ուժ պիտի ցույց տանք և նրանք կհասկանան: Հակառակորդը չի սպասել, որ մեր տղերքը կարող են այդպես դիմադրել:  Նրանք հիմա խոսում են, որ մեր դիրքերում կանգնած են եղել հատուկ ջոկատայիններ: Մինչդեռ այնտեղ մեր ժամկետային զինծառայողներն են եղել… Մեր Աբաջյանն է եղել, որ վերջին պահին հերոսաբար ինքն իրեն պայթեցնելով՝ իր հետ տարել է հակառակորդի մի քանի զինվոր: Սա փաստ է, և նման փաստեր էլի կան: Սա մեր 18-20 տարեկանների հաղթանակն էր հակառակորդի հատուկ ջոկատայինների նկատմամբ:

- Իսկ այդ թերությունները վերացնելու համար ինչ-որ բան արվո՞ւմ է հիմա:

- Այո: Նշված բոլոր թերությունները գտնվում են նախագահի և բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում, և դրանց վերացման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Միևնույն ժամանակ կուզեի նշել, որ այդ ամենով հանդերձ՝ դա ոչ միայն պաշտպանության բանակի խնդիրն է, այլ մեր պետության, մեր ազգի խնդիրն է…

- Մեկ-մեկ այն տպավորությունն եմ ստանում, որ կարծես թիկունքում չեն ընկալում իրավիճակի լրջությունը:

- Ինձ էլ, գիտե՞ք, ինչ է թվում, որ ոմանք մտածում են, թե կախարդական փայտիկի օգնությամբ պիտի հակառակորդին կանգնեցնենք: Ոմանց հանգստությունից այն տպավորությունն ունեմ, որ նրանք կարծում են, թե ուր որ է՝ էդ կախարդական փայտիկը կոտրելու ենք, և կռիվը կանգնելու է, որ փայտիկը կոտրելու ենք, և հակառակորդը ետ է քաշվելու: Ճիշտ է՝ ժողովուրդն այդպես չի մտածում, և դա ցույց է տվել այս օրերին ցուցաբերած անձնազոհ կեցվածքով, բայց ոմանք այդպես են մտածում: Ցավալի է, որ նման մտածողների շարքում կան նաև այնպիսիք, որոնց վրա որոշակի պատասխանատվություն կա դրված, այդ թվում՝ նաև զինվորականներ: Պատահական չէ, որ վերջերս հենց դրա համար էլ մի քանիսը պատժվեցին և համոզված եմ, որ նմանների հանդեպ այդ վերաբերմունքը լինելու է շարունակական:

- Ո՞րն է, ըստ Ձեզ, հակառակորդին զսպելու ամենաարդյունավետ ձևը:

- Հակառակորդին միշտ պետք է ուժ ցույց տանք, եթե նա հետևակի մարտական մեքենա է հանում, մենք պետք է տանկ հանենք, եթե նա հրանոթով է խփում, մենք «Գրադով» պիտի խփենք… Նախաձեռնությունը մենք միշտ պետք է մեր ձեռքերում պահենք…

- Մեր սպառազինությունը, կարծես թե, քիչ է հակառակորդից, այո՞:

- Իրականում շնորհիվ իր հնարավորությունների՝ հակառակորդն ունի ավելի շատ սպառազինություն, քան մենք: Սակայն, մարտի ելքը որոշողը միայն սպառազինությունը չէ… Ապացույցը ոչ միայն ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքն է, այլ նաև ապրիլին տեղի ունեցած առճակատումը, որի ընթացքն ընդհատվեց ադրբեջանական կողմի խնդրանքով: Շարունակվելու դեպքում  մեկ անգամ ևս կհամոզվեինք, որ պատերազմի հաջող ելքը որոշում է լավ զինվորը… Իսկ մենք այդ առումով խնդիր չունենք:

- Եթե համեմատելու լինենք, իրենց առավելությունը ո՞րն է, և մե՞րը որն է: Փորձենք համեմատել:

-Իրենց մոտ առավելությունը զենքի տեսակներն են եղել: Բայց, ինչպես ասացի, ունենալ զենքի տեսակներ, դեռևս չի նշանակում հաջողություն ունենալ: Ինչ վերաբերում է այս առճակատման ընթացքում ունեցած մեր առավելություններին, ապա, ըստ իս, դրանք երեքն էին` հայ զինվորը, լավ հրետանին և բանակի հրամանատարի ճիշտ ու ժամանակին կայացրած որոշումները:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ապրիլյան պատերազմում հայ զինվորին բնութագրող գլխավոր հատկանիշը:

- Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել:

- Բայց մենք չենք կարողացել ժամանակին այդ տղաների մասին հոգալ, գնահատել, ինչ-որ բան տալ: Երբ նրանց մասին նյութ ենք պատրաստում, պարզվում է՝ նրանց մեծ մասը աղքատ են, անտուն, ծնողները աշխատանք չունեն:

- Ղարաբաղում պատերազմում զոհվածները, վիրավորների ընտանիքները պետության ուշադրության կենտրոնում են, բնակարանով հիմնականում ապահովված են: Չեմ ասում՝ ինչեր ենք արել, բայց նվազագույնն ապահովված է:

- Երկու կողմի սխալների մասին խոսենք:

- Իրենց սխալն այն է, որ մտածել են, որ իրենք ուժեղ են և կարող են մեզ ջարդել: Իրենց առաջին սխալը դա է եղել: Իրենք իրենց զենքերին նայելով, իրենց գումարներին նայելով՝ ասել են միանգամից, կարճ ժամանակում կարող ենք մեր հարցերը լուծել: Մեր սխալները մենք գիտենք և դրանք վերացնելու ենք:

-Իսկ իրենց զինատեսակներից ամենաշատ վնասը ի՞նչն է տվել, անօդաչունե՞րը (կամիկաձեները):

- Դրանք իրենք հիմնականում օգտագործել են ամսի 4-ին, երբ տեսել են, որ իրենց վիճակը լրջանում է: Սկսել են «կամիկաձե», «Սփայք» հրթիռներ օգտագործել, որոնք 2-ին, 3-ին չէին օգտագործել: Տեսել են, որ իրավիճակը փոխվում է, արդեն սկսել են դրանք օգտագործել: Առաջին անգամ պատերազմում կամիկաձե են օգտագործել, 20 հատ անօդաչու ենք խփել, 14-ը մեր ձեռքում է դրանցից, 6-ը չեզոք գոտում է ընկած:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ հակառակորդը կսկս՞ի ռազմական գործողություններ:

- Ներկա դրությամբ չեմ կարծում: Հրադադարն իրենց ձեռնտու է: 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1962թ. Ստեփանակերտում:

ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր (2001), Արցախի հերոս (2000):

1992-2000թթ. եղել է Կենտրոնական պաշտպանական շրջանի հիմնադիր հրամանատար, 2000 թվականից` ՊԲ հրամանատարի տեղակալ, այսօր` ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան ընդհատակյա պայքարին, 1992-1994թթ. նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է բռնազավթած շուրջ 30 հայկական բնակավայր, ոչնչացրել ավելի քան 60 ռազմական հենակետ, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա: Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող (Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Քելբաջարի, Ֆիզուլիի և այլ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Առաջինն էր Պաշտպանական շրջանների հրամանատարներից, որ պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ այնուհետև ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Ոսկե արծիվ» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով և այլ պարգևներով:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers