Գազավորված հյութեր խմող հղիներն ավելորդ քաշով երեխաներ են ունենում
LIFEՀղիության ընթացքում գազավորված, թեկուզ` դիետիկ, հյութեր խմող կանայք քաշի խնդիրների հակում ունեցող երեխաներ են ունենում: Այդ մասին հայտնում են University of Manitoba-ի հետազոտողները (Կանադա):
Նման եզրակացության հանգելու համար հետազոտողները 3000 մոր են հետազոտել` նրանց կենսակերպը, սնունդը հղիության ընթացքում, ինչպես նաեւ նրանց երեխաների առողջությունը: Պարզվել է, որ այն կանայք, որոնք հղիության ընթացքում ամեն օր արհեստական քաղցրացուցիչներ պարունակող գազավորված ըմպելիքներ են խմել, երկու անգամ ավելի հաճախակի են այնպիսի երեխա ունեցել, որը 12 ամսականում ավելորդ քաշ է կուտակել: Նման երեխաների մոտ հղիության ընթացքում իրենց մայրերի սննդի պատճառով շատ ուտելու «բնածին» սովորույթ է ձեւավորվել: Գիտնականների խոսքով, դա կապված է մոր արգանդում պտղի օրգանիզմի վրա արհեստական քաղցրացուցիչների ազդեցության հետ, որոնք պարունակվում են գազավորված ըմպելիքում:
«Այն երեխաների մոտ, որոնք մոր արգանդում արհեստական քաղցրացուցիչների են ենթարկվում, կարող է քաղցրի հանդեպ հակում զարգանալ, որն իր հերթին նշանակում է, որ նրանք չափազանց շատ կալորիաներ կօգտագործեն լույս աշխարհ գալուց հետո», - նշել են գիտնականները:
Առնետների վրա նախորդ հետազոտություններն արդեն պարզել են, որ այն առնետները, որոնց մայրերն արհեստական քաղցրացուցիչներ են ստացել, քաղցր սննդի եւ ավելորդ քաշ կուտակելու հակում են դրսեւորել:
«Նոր տվյալները հաստատում են այս արդյունքները եւ ենթադրում են, որ քաղցրացուցիչների ներարգանդային ազդեցությունը կարող է նպաստել նորածինների եւ փոքր տարիքի երեխաների մոտ ավելորդ քաշի ավելացմանը», - ամփոփել են գիտնականները:



