Պատգամավոր Խավիեր Նարտը կփորձի օգտակար լինել ՀՀ խնդիրները ԵԽ-ում օբյեկտիվ ներկայացնելու հարցում
POLITICSՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 16-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ և քննարկել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ խոսել է բանակցային գործընթացից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերող հարցեր:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը նշել է, որ նախատեսում է կրկին գալ Հայաստան եւ փորձել օգտակար լինել՝ Հայաստանի խնդիրները Եվրոպական խորհրդարանում ավելի օբյեկտիվ ներկայացնելու համար:



