Զոհված զինծառայողների ընտանիքներին կոմունալ վճարումների հարցում աջակցություն ցուցաբերելու առաջարկ կառավարությանը
SOCIETY«Հանուն օրենքի» հասարակական շարժումը հանդես է եկել մի հայտարարությամբ, որով առաջարկում է մեր կառավարությանը՝ Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցել կոմունալ վճարումների հարցում:
Մասնավորապես, նամակում գրված է, որ քառօրյա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը պատրաստ է միասնական լինել հայրենի սահմանների պաշտպանության հարցում: «Այդ պատերազմի հետևանքով 18-20 տարեկան հայ երիտասարդները, որոնք իրենց` հերոսի անունը մեր բոլորի հիշողություններում եւ սրտերում ամրագրեցին, մեկ րոպե անգամ չմտածեցին` անմնացորդ պաշտպնելով հայրենի հողը: Գրեթե ամեն օր ԶԼՄ-ների միջոցով մենք ականատես ենք դառնում, թե ինչպիսի ծանր սոցիալական պայմաններում են ապրում որոշ երիտասարդ հերոսների ընտանիքներ, եւ քիչ չեն նրանք, որոնք միակողմանի ծնողազուրկ են: Այդ ընտանիքները չեն կարողանում հասցնել մարել կոմունալ ծախսերը, ինչի հետևանքով կանգնած են էլեկտրաէներգիայից, գազից եւ ջրից զրկվելու շեմին»,- նշված է հայտարարության մեջ:
«Հանուն օրենքի» հասարակական շարժումն առաջարկում է ՀՀ կառավարությանը, որպեսզի ուսումնասիրի այս խնդիրը եւ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների, որոնց զավակները հերոսաբար իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, կոմունալ ծախսերի բեռը ժամանակավորապես վերցնի իր վրա, մինչ այդ ընտանիքները հնարավորություն կգտնեն այդ իրավիճակից դուրս գալու համար:
Վերջիններս հույս են հայտնում, որ կառավարությունը ուղիներ կգտնի խնդրին դրական լուծում տալու համար:



