Տիգրան Ուրիխանյանը «Անալիտիկ»-ի գործով ցուցմունքներ է տալու
SOCIETYԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Analatik.am կայքի տնօրենի ձերբակալությունից հետո մեդիա դաշտում իր հասցեին շրջանառվող սուտ տեղեկությունների վերաբերյալ բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին:
Մասնավորապես, իր նամակում նա գրել է.
«Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, շորթման մեղադրանքով Analitik.am կայքի տնօրենի ձերբակալությունից, քրեական գործ հարուցելուց եւ կալանավորելուց հետո տեղեկատվական դաշտում ստոր ու ագրեսիվ արշավ է սկսվել մեր երկրում կարգով, օրենքով, իրավապահների ու դատական համակարգի միջոցով բոլոր խնդիրները լուծելու կողմնակիցների դեմ: Գիտեմ, որ համամիտ եք՝ բոլոր խնդիրները, վեճերը պիտի լուծվեն օրինական ճանապարհով, հանցագործներով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե լծակային, թիկնազորային, փողային կամ այլ ազդեցություն ունեցողները:
Ապավինելով երկրում կարգ, կանոն եւ օրինականություն հաստատելու Ձեր ցանկությանն ու գործողություններին՝ բևեւռում եմ Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ սոցիալական ցանցերում ոստիկանության անունից հանդես եկող, ոստիկանության քարոզչական տարրերի տպավորություն ստեղծող, ըստ մամուլի, ոստիկանության համակարգի որոշ աշխատակիցների հետ առնչություն ունեցող էջեր կամ առանձին կայքեր իրականացնում են օրինական դաշտում գործելու դեմ ստոր ու կեղտոտ հակաքարոզչություն: Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել բացահայտելու համար այդ մարդկանց, եթե այդպիսիք իրականում առնչություն ունեն համակարգի հետ»:
Պատգամավորը միաժամանակ հայտնել է իր այն որոշման մասին, ըստ որի, վաղը ցուցմունք է տալու ՀՔԾ-ում «Անալիտիկ»-ի գործով, քանի որ ձեռք է բերել իր համար բավարար ու համոզիչ ապացույցներ առ այն, որ հիշյալ գործին առնչվում են կոնկրետ բարձրաստիճան պատվիրատուներ եւ հովանավորներ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



