Սուրենյան. Այսօրվանից Հայաստանի տարածք են ներթափանցում արևադարձային տաք օդային զանգվածներ
SOCIETYԱռաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, քանի որ այսօրվանից սկսած մեր երկիր ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացրած կանխատեսումների համաձայն, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի կիրակի օրը, լեռնային մարզրերում ցերեկը այն կհասնի +20...+22, նախալեռնային գոտիներում +26...+29, հովտային գոտում +30...+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում:
Սուրենյանի խոսքով, չնայած օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը անակայուն եղանակային ռեժիմը առաջիկա հինգ օրերին հանրապետությունում պահպանվելու է:
Հիմնականում երեկոյան ժամերին և հատկապես հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ մնացած մարզերում այդ թվում և Երևանում երեկոյան սպասվող անձրևները կլինեն կարճատև և ոչ համատարած, այսինքն Երևանի մի հատվածում կարող է անձրև լինել, իսկ մյուս հատվածում ոչ:
«Սպասվող անձրևները միայն դրական ազդեցություն են թողնում բոլոր առումներով: Այն տարիներին, երբ մայիսից նկատվում է անձրևների դադար, առաջանում է չոռոգվող հողատարծքների և արոտավայրերի չորացում»,-մանրամասնեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:



