Քանի դեռ իշխանություն են, ասում են՝ թալան չկա, կուլակաթափություն չկա. Արամ Կարապետյան
POLITICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առաջիկայում իշխանական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ անցկացնելու է քննարկումներ, որպեսզի լսի վերջիններիս առաջարկությունները: Հովիկ Աբրահամյանը խոսել է գոտիները ձգելու, ավելորդ ծախսերը կրճատելու մասին:
Past.am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից փորձել է ճշտել՝ որքանո՞վ է վստահություն ներշնչում վարչապետի այսօրվա ելույթը: Արամ Կարապետյանն ասաց. «Ես ֆեյսբուքում գրեցի, որ գոտիները ձգելու ժամանակներն անցել են, եկել է ձեռնաշղթաները ձգելու ժամանակը: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է: Ճառերի ժամանակն անցել է»:
Պարոն Կարապետյանը արեց նաև մի դիտարկում, որն ավելի կարևոր է, քան պաշտոնյաների հայտարարությունները:
Ըստ նրա՝ ԱՊՀ այն երկրներում, որտեղ եղել են իշխանափոխություններ (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և այլն), իշխանությունն ասել է՝ թալան չկա, ամեն ինչ շատ լավ է: «Յանուկովիչին վերցրեք, Ակաևին վերցրեք: Ես հանել եմ պաշտոնական տվյալներ այդ մարդկանց դեմ հարուցված դատական հայցերի, մեղադրանքների, քրեական գործերի մասին: Քանի դեռ իշխանություն են, ասում են՝ թալան չկա, կուլակաթափություն չկա, ամեն ինչ լավ է: 2 միլիարդ դոլարի չարաշահումների գործեր կան՝ կապված Յանուկովիչի և նրա կլանի հետ: Սրա մեջ մտնում են՝ դրամաշորթություն, հարկերի չմուծում, մաքսատներում կատարվող գործողություններ: Սրանք միայն պաշտոնական թվերն են: Մոլդովայի նախկին վարչապետը՝ Ֆիլատը, 833 միլիոն եվրոյի գրպանման համար մեղադրվեց: Մի քիչ զարմանում եմ՝ ինչպե՞ս է չորս ամսում կարողացել այդքան փող լվանալ»,- նշեց Արամ Կարապետյանը:
Լևոն Փանոսյան



