Բեռլինում հայկական ցուցահանդես կբացվի
CULTURE
Մայիսի 14-ին Բեռլինի «Կառլսհորստ» մշակութային տանը հայ-գերմանական օրերի շրջանակում բացվելու է «Չորս կյանքի ճանապարհ. Հայկական նկարչական ավանդույթի երկու զույգերը» խորագիրը կրող ցուցահանդես: Ցուցահանդեսն անցկացվելու է Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի համադրողներն են գերմանացի արվեստաբան Փիթեր Միխելը եւ արվեստագետ, համադրող Արչի Գալենցը: Ցուցահանդեսում ներկայացվելու են չորս հայ դասական արվեստագետի՝ Մարիամ Ասլամազյանի (1907-2006թթ.), Նիկոլայ Նիկողոսյանի (ծնվ.1918թ.), Հարություն Կալենցի (1910-1967թթ.) եւ Արմինե Կալենցի (1920-2007թթ.) ստեղծագործությունները:
Ցուցադրվելու է մոտ 30 գեղանկարչական աշխատանք ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, որոնք գտնվում են համադրող Արչի Գալենցի անհատական հավաքածուում եւ առաջին անգամ են ցուցադրվելու միասին: Այս ցուցահանդեսով Արչի Գալենցը ներկայացնում է իր տոհմածառը՝ Մարիամ Ասլամազյանին, ով մորական տատիկի քույրն է, Նիկոլայ Նիկողոսյանին՝ մորական պապիկին, Հարություն ու Արմինե Կալենցներին ՝ հորական պապիկին ու տատիկին:
Ցուցահանդեսում ներկայացված առաջին զույգը՝ Մարիամ Ասլամազյանը եւ Նիկոլայ Նիկողոսյանը, հանդես են գալիս որպես հայկական սփյուռքի արվեստագետներ, ովքեր մասնագիտական հաջողության են հասել հայրենիքից դուրս: Երկրորդ զույգը՝ Հարություն ու Արմինե Կալենցները, հայրենադարձված արվեստագետներ են, ովքեր հասել են իրենց արվեստի զարգացմանը հայրենիքում: Ցուցահանդեսի նպատակն է չորս հայ արվեստագետների եւ նրանց ստեղծագործությունների օրինակով ներկայացնել հայկական ֆիգուրատիվ կերպարվեստի ավանդույթները:
Ցուցահանդեսի կապակցությամբ հրատարակվել է գերմաներեն պատկերագիրք, որի հեղինակները՝ դոկտոր Փիթեր Միխելը եւ Արչի Գալենցը, մինչ դրա ստեղծումը մանրակրկիտ եւ երկարամյա ուսումնասիրություններ են կատարել:
Նշենք, որ ցուցահանդեսն արվեստասերների համար բաց կլինի մինչեւ հուլիսի 3-ը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































