Փաստաբանները հանրությանը կիրազեկեն սահմանադրական փոփոխությունների հնարավոր վտանգների և թերությունների մասին
INTERVIEW
Ինչպես հայտնում է Past.am-ը, մի շարք իրավաբաններ նպատակ ունեն հայաստանյան հասարակությանը իրազեկել այն վտանգների մասին, որոնք, ըստ նրանց ուսումնասիրությունների, առկա են սահմանադրական փոփոխություններում:
Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում խմբի ներկայացուցիչներ, փաստաբաններ Գևորգ Գյոզալյանը, Տիգրան Եգորյանն ու Քրիստինե Բեյբությանը ներկայացրեցին իրենց մոտեցումները: Գևորգ Գյոզալյանն ասաց, որ իրենք ոչ թե պատրաստվում են նախագծի հետ կապված առաջարկներ անել, այլ կոնկրետ հարցադրում են անելու՝ հասարակությանն անհրաժե՞շտ են սահմանադրական փոփոխություններ, թե՞ ոչ:
«Սուբյեկտիվ պատճառները շատ չթվեմ, ինքներդ գիտեք, բայց օբյեկտիվ պատճառներ այս ամենի համար չկա»,- նշեց Գյոզալյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ ուսումնասիրել է փոփոխությունների նախագծի 1-2 գլուխները, բայց վտանգների մասին ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքերը կհրապարակի մոտ 2 ամիս անց:
Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ իր հերթին նշեց, որ այս ամենն ունի մեկ գերնպատակ՝ պահել իշխանությունը: «Հայաստանում իշխանությունները լեգիտիմ չեն: Ընտրությունների միջոցով անհնար է իշխանության փոփոխությունը: Եթե իշխանությունն արդյունավետ կառավարում չի իրականացնում, ապա պետք է փոխվի իշխանությունը, ոչ թե Սահմանադրությունը»,- տեսակետ հնչեցրեց Եգորյանը:
Անդրադառնալով նախագծի թերություններին՝ Գևորգ Գյոզալյանը բերեց օրինակ, որը կապված է դատաիրավական համակարգի հետ: «Օրինակ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, իսկ քննիչն էլ վատ է աշխատում, պաշտպանական կողմն էլ այնպես է աշխատում, որ տվյալ անձին արդարացնում են։Բայց եթե այլ պաշտոնատար անձ կարողանում է ապացույցներ ձեռք բերել,արդեն իսկ արդարացված մարդուն նորից հնարավոր է կանգնեցնել դատարանի առաջ: Սահմանադրության նոր փոփոխությամբ՝ այս հարցը կարող է լուծվել միայն քննիչի որոշմամբ։ Սա, իհարկե, լավ է, սակայն այն երկրի համար, որտեղ օբյեկտիվություն կա։ Մինչդեռ մենք խոսում ենք Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ սուբյեկտիվ է»:
Ըստ ասուլիսի մասնակիցների՝ այս թերությունները ամբողջը չեն: «Մենք վեր ենք հանելու բոլոր թերությունները, պատրաստելու ենք մասնագիտական եզրակացության տեքստ և բրոշյուրներ, որոնք հանրությանը կտարածենք ու հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ խնդրահարույց հարցերին»,- տեղեկացրեց փաստաբան Քրիստինե Բեյբությանը:
Լևոն Փանոսյան




















































