Գյուղապետը վատնել է համայնքին պատականող գույքը
SOCIETYԱրագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանաում հարուցվել է քրեական գործ գյուղապետի կողմից իրեն վստահված համայնքին պականող գույքը շարունակաբար վատնելու փաստի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002-2012թթ. հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված եւ համայնքին պատկանող ընդհանուր չորս միլիոն 249 հազար 102 դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաեւ յուրացրել համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները, համայնքին պատճառելով չորս միլիոն 661 հազար 480 դրամ ընդհանուր արժողությամբ գույքային վնաս:
Գյուղապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով: Այս հոդվածը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



