Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ նախագահի նստավայրում զինծառայողների պարգեւատրման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել

SOCIETY

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել  պարգեւատրման հանդիսավոր արարողություն։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած  արիության եւ խիզախության համար մի խումբ պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների հանձնվել են պետական բարձր պարգեւներ: Արցախի Նախագահի հրամանագրերով, 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած  բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած  արիության եւ խիզախության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 44 հոգի, որից 4-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 241 հոգի, որից 11-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 16 հոգի, որից 2-ը` հետմահու:

ԼՂՀ մատուցած ծառայությունների համար մեկ ազատամարտիկ պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ելույթ է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ՝ նշելով.

«Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

Թանկագի՛ն վետերաններ,

Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հարգելի՛ ներկաներ,

Մայիսի 9-ի Եռատոնը մեր ամենաթանկ ու նվիրական տոներից է, որը հաղթանակի, անձնվիրության, միասնականության, խիզախության, մեր պատմության հերոսական էջերը հիշելու եւ արժեւորելու լավագույն խորհրդանիշներից է, ինչն առանձնահատուկ կարեւորություն ունի Արցախի եւ համայն հայության համար, հատկապես` այս օրերին:

Ադրբեջանը, ապրիլի սկզբին լայնածավալ ռազմական գործողություններ  ձեռնարկելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ, հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը մեր ժողովրդի եւ պետության դեմ:

Եվ միայն մեր Պաշտպանության բանակի հզորության եւ ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի եւ անկոտրում ոգու  շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը, կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ, պարտադրված եղավ խնդրել հրադադար:

Այսօր մենք բոլորս լի ենք հպարտության զգացումով մեր երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետությունների անկախության տարիներին: Նրանք արժանիորեն շարունակում են իրենց հերոս պապերի ու հայրերի գործը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում:

Հակառակորդի հիմնական հարվածն ընդունել են մեր այն երիտասարդ տղաները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում: Նրանց եւ նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների եւ կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:

Ցավոք, այդ օրերին ունեցանք անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ: Ունեցանք զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց անմահ անունները միշտ վառ կմնան մեր սրտերում:

Ես կուզենայի մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը:

Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որեւէ փորձ եւ արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու  եւ աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն:  Արցախի շուրջ համախմբվեցին Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Ողջ ժողովուրդը դարձավ մի բանակ, յուրաքանչյուրն իր պարտքը համարեց օգտակար լինել ընդհանուր գործին:

Այս ճակատագրական օրերին մեզ հետ էին նաեւ տարբեր երկրների հասարակական, քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մենք բարձր ենք գնահատում նրանց ազնիվ ու անաչառ աշխատանքը:

Հատուկ կուզենայի կանգ առնել այն աշխատանքի վրա, որն այս թեժ օրերին, պահի ողջ լրջության խոր գիտակցումով եւ բարձր պատասխանատվությամբ իրականացրին  մեր պետական կառավարման օղակները: Գործադիր՝ սկսած Նախագահականից, օրենսդիր, ուժային եւ բոլոր պետական մարմիններն աշխատել են մեծագույն լարվածությամբ եւ արել են հնարավորը ծագած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար՝ դրանով իսկ ցույց տալով ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պետական ինստիտուտների ունակությունը:

Այսօր մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է մեզ հաջողվել եւ ինչ բացթողումներ են եղել: Անհրաժեշտ է կատարել  մեծ աշխատանք բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ: Այստեղ եւս մենք պետք է աշխատենք միասին ու համախմբված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Համոզված եմ, որ այս անգամ եւս մենք պատվով կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները` դառնալով ավելի ուժեղ եւ ամուր: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը: Դա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի:

Մեր հերոսական ժողովուրդը դա ապացուցեց իր խիզախությամբ ու տոկունությամբ, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանուն ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքի:

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ նրանց, ովքեր արժանացել են պետական բարձր պարգեւների:

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ:

Շնորհակալություն»։

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia