Ռոբերտ Աբաջյանը հետմահու «Արցախի հերոսի» կոչման է արժանացել
SOCIETYNews.am-ը գրում է.
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում է շնորհել: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել իրեն ու հակառակորդի մեկ տասնյակից ավելի զինվորների: Ռոբերտ Աբաջյանի հետ այդ հատվածում կռվել էին նաեւ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, շարքայիններ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:
Աբաջյանի պարգեւն այսօր ստացավ նրա հայրը: Ի դեպ, առաջին անգամ է, որ նման բարձր պարգեւի է արժանանում կրտսեր սերժանտը:
Նշենք, որ Բակո Սահակյանը պարգեւատրել է ՊԲ զինծառայողներին` քառօրյա պատերազմում կատարած փայլուն աշխատանքի համար:
Հայաստանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, Արմենակ Ուրֆանյանի վաշտն ապրիլի 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առաջիններից էր, որ ընդունեց հակառակորդի հարվածը: Երբ հակառակորդը ներխուժում է խրամատ, Ուրֆայանի զինվորներից կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը ստանձնում է հրամանատարությունը եւ պատնեշի վրայից շարունակում մարտը: Հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցում է դիրք, այդ ժամանակ էլ Ռոբերտ Աբաջյանը վիրավորվում է: Վիրավոր զինվորը նահանջում է վերջին մարտական խրամախորշ եւ մինչեւ կյանքի վերջին րոպեն հերոսաբար կռվում հակառակորդի հետ: Աբաջյանը մինչեւ վերջ կապի մեջ է մնում գումարտակի հրամանատարի հետ՝ նրան մարտի մասին կարեւոր մանրամասներ հաղորդել եւ այդպիսով օգնելով գումարտակին:
Արդեն վիրավոր Աբաջյանը փորձում է նաեւ սպանված ընկերոջը դուրս բերել խրամատ, իսկ երբ թշնամին մոտենում է՝ ցույց է տալիս իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, բայց իրեն էլ հակառակորդի զինվորների հետ նռնակով պայթեցնում է:



