«Ինքը որ զանգեց, մարտ էր գնում, ես ձայները լսում էի…». պատմում է զոհված Գևորգի հորեղբոր որդին (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEO168.am-ը գրում է.
Արցախում զոհված զինծառայող Գևորգ Վարդանյանը Գյումրի քաղաքից էր: 1996թ. ծնված զինծառայողը Թալիշում է ծառայել: 6 տարեկան հասակից ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում: Վերադարձել էր Հայաստան՝ ծառայելու նպատակով: Գևորգն ընտանիքի միակ որդին էր. իրենից փոքր մի քույր ունի: Ռուսաստանում Գևորգի հայրը շինարարությամբ է զբաղվել, մայրը չի աշխատել: Գևորգի քույրն էլ ավարտել էր դպրոցը, ցանկանում էր ուսում ստանալ, սակայն չհասցրեց: 9 ամսից Գևորգը կավարտեր ծառայությունը:
«Ամեն քայլը հաշվարկված էր»
Գևորգի հորեղբոր որդին՝ Հովհաննեսը, պատմեց, որ Գևորգը Ռուսաստանում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր քոլեջ, ապա վերադարձել Հայաստան՝ ծառայելու նպատակով: «Ես իրեն տարա զինկոմիսարիատ, այնտեղ հարցրին՝ Վարդանյան Գևո՞րգ, 1996թ.: Աշխատողը նայում էր դեմքիս, ասում՝ այս երեխային որտեղի՞ց ես բերել, որովհետև ոչ մի փաստաթուղթ չկար: Ինքն այնտեղ է դպրոց գնացել: Իր գործերն այդ ժամանակ կազմեցին, ծանուցագիր տվեցին հունվարի 24-ի համար»,- ասաց Հովհաննեսը:
«Դժգոհ չէր ծառայությունից: Ծառայությունից գոհ է եղել: Մեզ ոչ մի անգամ դժգոհություն չի հայտնել: Շատ խիզախ էր, իր ամեն քայլը հաշվարկված էր»,- ասաց հորեղբոր որդին՝ նշելով, որ Գևորգը ոչ մի անգամ չի ընկճվել. հարթաթաթություն ուներ, ձեռքի հետ խնդիր, երկու անգամ գնացել են Երևան, որոշվել է, որ Գևորգը ենթակա է ծառայության.
«Միշտ ասում էր՝ պետք չէ, չգնանք ստուգման, կգնամ, երկու տարի կծառայեմ, կգամ: Օրինակ էր բերում մեզ (ես, եղբայրս, հորաքրոջս որդին Ղարաբաղում ենք ծառայել, չորրորդն ինքն էր), ասում էր՝ դուք ծառայեցիք եկաք, ի՞նչ եղավ, ես էլ կծառայեմ, կգամ: Իր ծառայությունը մինչև վերջ շատ նորմալ ընթացել է: Ամեն ինչ նորմալ էր, մինչև դեպքի օրը՝ ապրիլի 4-ը: Մենք իր հետ ապրիլի 3-ին էլ ենք խոսել»:
«Հետո արդեն իմացանք, որ մարտի դաշտում խփվել է»
Հիշելով Գևորգի հետ վերջին խոսակցությունը՝ Հովհաննեսը պատմեց, որ Գևորգը երկար չի խոսել, փոխանցել է, որ ամեն ինչ նորմալ է. «Ասաց՝ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, ինձ մի զանգեք, ես հետո ձեզ կզանգեմ: Ապրիլի 1-ին իր ընկերներից մեկին էին խփել: Ինձ ասաց՝ կգնաս թաղմանը: Այդքանն է եղել վերջին խոսակցությունը»:
Խոսքն ապրիլի 1-ին հակառակորդի կրակոցից վիրավորված, ապա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացած Վլադիմիր Մելքոնյանի մասին էր: Գևորգի հորեղբոր որդու՝ Հովհաննեսի խոսքով՝ նրանք մոտ ընկերներ են եղել:
«Ինքը որ զանգեց, մարտ էր գնում: Ես ձայները լսում էի: Այդ պատճառով ինքը կարճ խոսեց: Երևի հենց զանգել էր, որ ինձ ուղարկեր այդ երեխու թաղմանը: Ասաց՝ չզանգեք, ես ձեզ հետո կզանգեմ, հիմա հարմար չէ: Կարճ ենք խոսել: Հետո արդեն իմացանք, որ մարտի դաշտում խփվել է,- ասաց Հովհաննեսը, ապա, ներկայացնելով դեպքը, նշեց,- Գևորենց դասակը հարձակողական դասակ է եղել: Ինքը գնդացրորդ է եղել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































