«Հույս ունեի, որ անպայման իմ տղան փրկված կլիներ… սպասել եմ, մինչև հիմա էլ սպասում եմ իր զանգին…». Ասում է զոհված Վիկտոր Յուզիխովիչի մայրը (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTO168.am-ը գրում է.
Արցախում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչը մոր հիշողության մեջ կմնա՝ որպես փայլող աստղ: Տղան հողին հանձնվեց հենց մոր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին: Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, անդամակցել բռնցքամարտի «Սպարտակ» ակումբին: Վիկտորի պապն ուկրաինացի է, տատը՝ հայ:
Հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը, ծնվել է Մոլդավայում և ընդամենը 3 տարեկան էր, երբ 1978 թվականին ընտանիքը տեղափոխվեց Գյումրի: Վիկտորի կորստյան հետ չհաշտվող հայրը չէր կարողանում առանց արցունքները զսպելու խոսել նրա մասին: Ամրակազմ ու թիկնեղ տղամարդը մի ձեռքով սրբում էր արցունքները, մյուսով՝ ծխում ծխախոտը, ու պատմում էր հերոս որդու մասին: Բայց տեսախցիկի առջև այդպես էլ չհամաձայնեց խոսել: Իսկ մայրը՝ Աննա Յուզիխովիչը, դեռ չէր հաշտվել որդու կորստի հետ ու կարծես սպասում էր, թե նա դռնից ներս է մտնելու. «Ոնց որ չհավատամ, ասում եմ՝ սա երազ է, ինչ է, չեմ հավատում, որ որդիս չկա, իմ փայլող աստղը չկա»:
Հայրն արտագնա աշխատանքի է եղել և ՌԴ-ից վերադարձել է՝ լսելով որդու մահվան գույժը: Ալեքսանդրը ստիպված է մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ Գյումրիում աշխատանք չկա: Նա արտագնա աշխատանքի է եղել նաև այն ժամանակ, երբ Վիկտորը եկել է արձակուրդ: «Վիտյան միշտ ասում էր. «Մամ, էնպես օտպուսկ գամ, որ պապան եկած լինի…»: Բայց այդպես էլ հայրը չտեսավ որդուն»,- պատմում է Աննան:
«Ուժը տեղն էր, առյուծի պես կռվող էր, բայց շատ բարի էր: Ինքը կարող էր սովորել ու 3 տարի հետո գնալ բանակ, բացի դրանից՝ բռնցքամարտում բարձր արդյունքներ էր գրանցում ու կարող էր շատ առաջ գնալ, բայց նախընտրեց բանակ գնալ ու հետախուզական վաշտում ծառայել,- ասում է հայրը և հավելում,- Վիտյան ամեն ինչ մեջն էր պահում, ինձ նման: Ինչպես բարի կար, այդպես էլ իմ սրտի մեջ է մնացել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































