Հայաստանն ամեն ինչ անելու է վիրավորված զինվորների առողջության վերականգնման համար
SOCIETYՀայաստանն ամեն ինչ անելու է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորների առողջության վերականգնման համար: Այս մասին մայիսի 6-ին նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
«Առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության ներքո են զինծառայողների բուժօգնության խնդիրները: Նախարարությունը մեր զինվորների կողքին է: Մենք բոլորս` տեղի և հրավիրված մասնագետներն, ամեն ինչ անելու ենք թե Հայաստանում և թե արտասահմանում, որ զինվորների առողջությունը վերականգնվի: Փորձում ենք Հայաստանի և դրսի մասնագետների շնորհիվ լուծել յուրաքանչյուր հիվանդի հարցը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագետներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցի և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեի հետ հանդիպմանը նշեց Վահան Պողոսյանը:
Մասնագետները Հայաստանում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով` ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին և քննարկելու բուժման հետագա ռազմավարությունը:
Մարտին Շվարցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք եղել են մի շարք բժշկական հաստատություններում և հավելեց, որ Հայաստանում արվել է նույնն, ինչ ինքը կաներ Գերմանիայում: «Հասկանալի է ծնողների անհանգստությունը: Ամեն ինչ արված է լավագույն ձևով, այլ տարբերակ չկա: Այստեղի բժիշկների մակարդակը շատ լավն է, տպավորությունս դրական է»,-նշեց նա` հավելելով, որ իրենք մշտական կապի մեջ են հայ մասնագետների հետ:
Գերմանացի մասնագետներն այցելել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, Էրեբունի, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոններ, որտեղ բուժում են ստանում ռազմական գործողությունների հետևանքով տուժած վիրավորները:



