Երեւանում տեղի ունեցավ Սամվել Խալաթյանի գրքերի շնորհանդեսը
CULTURE
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացավ դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի՝ 2015թ. լույս ընծայած երեք գրքերի՝ «Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի, «Կատվի դատը» երգիծական բալլադի եւ «Տիեզերքի խոյանքում» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Սամվել Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» գրքում զետեղված են միջազգային մրցանակների արժանացած 10 լավագույն թատերգություն, 1 կինոսցենար եւ մանուկներին հասցեագրված պիեսներ: Այս գրքում Խալաթյանը պատկերել է մի աշխարհ, այդ աշխարհի մի անկյուն, որը պատկանելու է բոլորին եւ դառնալու է հոգու խորքում կուտակված ցավը մեղմելու բալասան կամ դեպի լույսը տանելու արահետ:
Ըստ «Սիլվա Կապուտիկյան տուն-թանգարանի» տնօրեն Արմենուհի Դեմիրճյանի՝ «Տիեզերքի խոլանքում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն արվեստագետի գաղտնաթաքույց ներաշխարհն է արտացոլում:
Երրորդ գիրքը, որ ներկայացվեց հանրությանը, հեղինակի ինքնօրինակ երգիծանքի դրսևորումներից է: «Կատվի դատը» երգիծապատումը Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի մերօրյա նկարագիրն է եւ ունի շարունակվելու միտում:
Բալլադից հատվածներ ներկայացրեց ասմունքող Գայանե Սամվելյանը, դրամատուրգիայից ՝ դերասան Գեորգի Հովակիմյանը, ժողովրդական վարպետ, քամանչահար Հակոբ Խալաթյանն էլ երաժշտական կատարմամբ ողջունեց հեղինակին:
Դերասան, ռեժիսոր Ռազմիկ Խոսրոեւը, անդրադառնալով «Հրադադար» պիեսին, նշեց. «Խալաթյանի դրամատուրգիան կարեւորվում է հատկապես այս օրերին, երբ մեր ժողովուրդն ամեն առիթով դրսեւորում է էթնիկ մշակույթին հավատարիմ մնալու իր գենետիկ պատրաստակամությունը»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































