ՀՀ ԱԳՆ-ն հավանություն է տվել Արցախը ճանաչելու՝ Փոստանջյանի եւ Բագրատյանի ներկայացրած օրենքի նախագծին
POLITICSԿառավարության վաղվա նիստին քննարկվելու է ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Նշենք, որ արտգործնախարարությունը հավանության է արժանացրել նախագիծը, ինչը նշանակում է, որ վաղը կառավարությունը կարող է ընդունել պատգամավորների՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը:
Այս օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



