Հալեպում գնդակոծումների հետեւանքով մեկ օրում 16 մարդ է զոհվել, վիրավորվել է 68 բնակիչ
SOCIETY«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները եւ ընդդիմության զինված այն կազմավորումները, որոնք չեն պահպանում հրադադարի ռեժիմը, մայիսի 3-ին զանգվածային գնդակոծումների են ենթարկել Հալեպը՝ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով SANA լրատվական գործակալությանը, մեկ օրում քաղաքում զոհվել է 16 մարդ, եւս 68-ը վերքեր են ստացել:
Սիրիայի նախագահի հանձնարարությամբ՝ Հալեպ արտակարգ ուղեւորություն է կատարել իշխող Արաբական սոցիալիստական վերածնունդի կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Խիլյալ ալ Խիլյալը: Նա այցելել է հինգ հոսպիտալներ ու հիվանդանոցներ, որոնք վերջին օրերին զինյալների թիրախներ էին դարձել:
Ալ Խիլյալը «աղաղակող ռազմական հանցագործություն» է գնահատել Էլ Մուհաֆազի թաղամասի «Էդ Դաբիտ» ծննդատան գնդակոծումը, ինչի հետեւանքով զոհվել են երեք հղի կանայք, եւս 18 հոգի (կանայք ու երեխաներ) վերքեր են ստացել: Ավելի վաղ արկակոծվել էր համալսարանական հոսպիտալը, որտեղից տեղեկություններ են ստացվել վեց զոհվածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS



