Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու իր կնքահայր հումորիստ եւ սցենարիստ Արմեն Վարդանյանը համատեղ բիզնես են հիմնել:
Life.panorama.am-ը գրում է.
«STAND PUB CLUB»՝ այսպես է կոչվում Կորյուն 19/Ա հասցեում գտնվող բացված փաբը, ուր Անդրանիկի խոսքով համատեղված է բիզնեսն ու արվեստը.
«Վերջերս սրճարան ղեկավարելու փոքրիկ փորձ ունեցա, բայց ցանկություն առաջացավ սեփականն ունենալու: Սա իմ ու կնքահորս՝ Արմեն Վարդանյանի համատեղ բիզնեսն է, որի մասին շատ երկար էինք մտածում: Այս փաբը նոր գույն է լինելու մեր քաղաքում, քանի որ այն սովորական փաբ չէ, այստեղ եւս շեշտը դրել ենք հումորի եւ բեմի վրա: Մեզ մոտ շատ հաճախ կլինեն փոքրիկ համերգներ տարբեր երաժիշտների կատարմամբ, նաեւ «Stand up» ներկայացումներ, մի խոսքով՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք լավ ժամանց մեր հաճախորդների համար: Ես ու Արմենը չենք շեղվում մեր բնագավառից, սա ճիշտ է նաեւ բիզնես է, բայց մենք հաճախ կլինենք բեմում, այս պահին էլ ինձ համար «Stand up» ներկայացում է գրվում, որն իմ կատարմամբ առաջիկայում կտեսնեն մեր հաճախորդները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Անդոն, իսկ հարցին, թե արդյոք նրանց հայտնիությունը հաճախորդներին կբերի փաբ, պատասխանեց.
«Մենք փորձում ենք փաբի թե ստեղծագործական, թե սպասարկման վրա այնպես աշխատել, որ հայտնիությունը չլինի այն միակ պատճառը, որը հաճախորդ կբերի մեզ: Այն, որ մենք մտածում ենք համերգային ծրագրերի մասին, արդեն խոսում է այն մասին, որ մենք շեշտը չենք դրել հենց մեր դեմքի վրա: Իհարկե, մարդիկ կլինեն, ովքեր կգան նաեւ մեզ տեսնելու ու մենք էլ սիրով կշփվենք նրանց հետ»:
Անդոն ու Արմենը չեն զբաղվի բիզնեսի հարցերով, այդ մասով, դերասանի հավաստմամբ, կան հատուկ մարդիկ, ովքեր ավելի պրոֆեսիոնալ կիրականացնեն տվյալ աշխատանքները, իսկ սեփականատերերը կզաբղվեն բեմական հարցերով:
Հետաքրքրվելով, թե արդյոք ֆինանսական մեծ ներդրումներ են պետք նման փաբ հիմնելու համար, Անդրանիկ Հարությունյանը նկատեց.
«Մենք մեծ գումարներ չենք ներդրել, մեզ մոտ ամեն ինչ մինիմալիստական լուծումներով է հագեցած: Մեզ մոտ չկան շքեղ ջահեր ու ճոխ սեղաններ, մեր փաբի սեղանները սովորական փայտից են, որոնց վրա անգամ սփռոց չկա, բայց փոխարենը մեզ մոտ տիրում է ջերմություն, որը մեկ անգամ զգալուց հետո կրկին հետ է կանչում»:
Դերասանը մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ, որ փաբի առաջին 20 օրվա հասույթը կփոխանցվի Պաշտպանության բանակի զորամասերին.
«Ինչպես բոլորն, այնպես եւ մենք շատ ենք ցավում սահմանում ապրիլյան դեպքերի համար, մեր փաբի բացումն էլ համընկավ մեր երկրի համար լարված օրերի հետ, բայց նպատակ ունենք փաբի առաջին 20 օրվա հասույթը ամբողջությամբ փոխանցել մեր բանակին, իսկ հետագայում զինծառայողները հնարավորություն կունենան մեզ մոտ անվճար օգտվել բոլոր սպասրկումներից»,- հավելեց Անդոն:
Ի դեպ՝ Անդրանիկ Հարությունյանը նախապես նշեց, որ «Check in friends club»-ի սեփականատեր Աշոտ Սարգսյանի հետ հարաբերությունները շատ լավ են եւ համագործակցության դադարեցումը վեճի արդյունք չէ.
««Check in friends club»-ում հնարավորություն ունեցա շատ կարճ աշխատել որպես տնրօեն, բայց հետո ես ու Արմենը ցանկացանք հիմնել ընտանեկան բիզնես, այդ իսկ պատճառով ես ու Աշոտը այլեւս չհամագործակցեցինք, բայց մենք ունենք շատ նորմալ հարաբերություններ, մեր միջեւ ոչ մի վեճ չի եղել, մենք շատ լավ ընկերներ ենք: Եվ առհասարակ, եթե մարդկանց հետ գործնական իմաստով բաժանվում եմ, փորձում եմ անպայման ընկերներ մնալ»,- ավարտեց Անդոն:



