Աշխարհում համացանցի ազատության գլոբալ անկման պայմաններում Հայաստանը ազատների շարքում է
SOCIETYՀայաստանում ցանցային մամուլը, այլ կերպ ասած` քաղաքացիական լրագրությունը, ակտիվությունը սոցիալական ցանցերում «ազատ» բնութագրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: «Խոսքի ազատության տեսանկյունից Հայաստանը կամ ոչ ազատ, կամ կիսազատ երկրների ցանկում է: Ըստ «Fridom House»-ի, որն ավելի կոշտ է գնահատում, մենք ոչ ազատ երկիր ենք համարվում, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը մեզ աշխարհի մեջտեղում է գնահատում ու այս տարի էլ առաջընթաց է նկատել: Բայց եթե ըստ բնագավառների դիտարկենք` տարբեր ձևով են գնահատվում լրատ վամիջոցների տարբեր դաշտերը: Օրինակ, համացանցի ազատության տեսանկյունից Հայաստանը համարվում է ազատ երկիր, մինչդեռ հեռուստաընկերությունների ու այլ տիպի լրատվամիջոցների դեպքում` քննադատություն կա»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետի գնահատմամբ` ներկայում աշխարհում համացանցի ազատությունների գլոբալ անկում է նկատվում: «Նույնիսկ այն երկրները, որոնք բնութագրվում են որպես ժողովրդավար, գնալով ավելի են ուժեղացնում պետության ազդեցությունը ինտերնետի վրա: Երբ ցանցն առաջացավ, այն ազատության կղզյակ էր, բայց հիմա դա վտանգված է, քանի որ շատ պետություններ սահմանափակումներ մտցնելու ուղիներ են փնտրում»,-տեղեկացրեց մասնագետը:
Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին` Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ դրա մաս Հայաստանի գործընկեր երկրները վատացնում են իրենց համացանցային վիճակը, սակայն Հայաստանը պետք է փորձի նույն հոսքի մեջ չընկնել:



