Բելգիայի Մեխելեն քաղաքի հայ համայնքը Արցախի զինվորի կողքին է
SOCIETYԲելգիայի Մեխելեն քաղաքի՝ ծագումով արտաշատցի բնակիչները դրամական օգնություն են կազմակերպել Արցախի համար: Հանգանակված գումարն անձամբ կհասցնեն Հայաստան եւ կտրամադրեն վիրավոր ազատամարտիկներին ու զինվորներին: Բելգիայի հայ համայնքի բնակիչները որոշել են նաեւ այցելել հիվանդանոց, օգնել այնտեղ բուժվողներին:
Նախաձեռնությամբ են հանդես եկել նաեւ տեղի հայկական դպրոցի աշակերտները. «Ամեն բան սկսվեց, երբ ուսուցչուհի Զարինե Մեջլումյանն անցկացրեց «բաց դաս», պատմեց Թուրքիայի, Ադրբեջանի վայրագություններից՝ ընդգծելով, որ 21-րդ դարում էլ Թուրքիան շարունակում է իր հայաջինջ քաղաքականությունը»,-«Արմենպրես
«Բարեւ, իմ հայ զինվոր: Քեզ գրում է Ինեսսա Նազարյանը / 11 տարեկան/ հեռավոր Մեխելեն քաղաքից: Ես հետեւում եմ, թե ինչ է կատարվում իմ Հայաստանում: Սիրելի զինվոր, ես հպարտանում եմ քեզանով, քո ուժով, քաջությամբ ու հավատում եմ, որ դուք կհաղթեք»,-գրել է Նազարյանի թոռնիկը՝ ավելացնելով. «Այս օրհասական պահին չխնայելով ձեր կյանքը` գիշեր ու ցերեկ պաշտպանում եք մեր հայրենի սահմանները նենգ թշնամուց»:
Ցուգունյան Լիլիթը շարունակում է. «… Ես հպարտ եմ, որ հայ եմ, զավակն եմ այն ժողովրդի, որ ձեր նման հայրենասեր ու նվիրյալ որդիներ է տվել, ովքեր երբեք թույլ չեն տա թշնամուն ոտք դնել հայերի սուրբ հողին»:
Խոսելով այդ տարիքի դպրոցահասակ երեխաների ապրումների ու զգացողությունների մասին՝ Նազարյանն ասաց, որ ի զարմանս իրեն` թեեւ այդքան փոքրիկ, ծնվելով անգամ օտար ափերում, նրանց մեջ խոսում է հայի գենը, հայրենիքին տեր կանգնելու գաղափարը: «Հպարտ եմ, որ թեեւ օտար ափերում, նման հայրենասեր սերունդ է մեծանում: Իմ թոռնիկն ու իր դասընկերներն իսկապես հպարտանալու տեղիք են տալիս»,-հավելեց նա:
Դրամահավաքին մասնակցություն են ունեցել նաեւ դպրոցականները:



