Շիրակում սոցիալապես անապահով ընտանիքիների և հաշմանդամություն ունեցող 90 երեխաներ ստացել են տեխնոլոգիական կրթություն
SOCIETYՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ իրականացրել է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻՀ-ից, ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և շարունակվել մինչև 2016թ. մարտը: 90 մասնակիցները Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից են:
Հինգ ամսվա ընթացքում նրանք ուսումնասիրել են գրաֆիակական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ իրականացվել են նաև սոցիալական ներգրավում և մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ: «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի ավարտին՝ Շիրակի մարզի մի քանի համայնքներում (Մարալիկ, Ազատան) և Գյումրի քաղաքում, տեղի է ունեցել վկայականների հանձման արարողություն: Մարալիկում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ ները ևս մասնակցել են արարողությանը: 90 երեխաներ և երիտասարդներ ստացել են ավարտական վկայականներ:
«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցը ԱՄՆ դեսպանատունն է, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»:



